Սարի թաղում բախումներից հետո անազատության մեջ հայտնված՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նրա կալանքն ապօրինի է համարում: «Ակնհայտ երևում է, որ սա քաղաքական հետապնդում է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փաստաբանը:
Հուլիսի 29-ի ուշ երեկոյան հատուկ միջոցների կիրառմամբ ցրելով Սարի թաղի ցույցը՝ իրավապահները տասնյակ մարդկանց բերման ենթարկեցին, կալանավորեցին ցույցի առաջնորդներին: Վերջիններիս փաստաբանները պնդում են՝ ընդդիմադիր գործիչների կալանավորման հիմքում դատարանը դրել է բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք կտրուկ հակասում են դեպքը պատկերող բազմաթից տեսանյութերին:
Կալանավորված Անդրիաս Ղուկասյանի կինը հավելում է՝ նախքան անազատության մեջ հայտնվելը ամուսինը սպառնալիքներ է ստացել:
«Ազատության» դիտարկմանը, որ ցույցի առաջնորդներին, փաստորեն, նույն մեղադրանքն է առաջադրվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, փաստաբան Լուսինե Սահակյանը արձագանքեց․ - «Որպեսզի ավելի պարզ լեզվով ասելու լինենք՝ երբ որ մի խումբ անձինք մտադրված հրկիզումներ են անում, վնասում են գույք և այլն, և որի նպատակը պետք է միանշանակ լինի հասարակական կարգի խախտումը, և որը լուրջ վտանգ է սպառնում հասարակական կարգին: Ես որպես իրավաբան կարող եմ ասել, որ այն, ինչ որ ես եմ տեսել ուղիղ եթերով և նաև բազմաթիվ տեսագրություններով, ես զանգվածային անկարգություն չեմ տեսել, ես տեսել եմ բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից»:
Սահակյանը պատահական չի համարում, որ «նույն դատական նիստին ներկայացվել էին միայն ոստիկանների ցուցմունքներ, որոնք ինչ-որ գործողություններ էին նկարագրում, ընդ որում՝ այդ գործողություններն էլ, իրենց նկարագրություններն էլ հակասում էին մեկը մյուսին, իրենց ցուցմունքները նույնիսկ հակասում էին մեկը մյուսին, թե ով ինչ գործողություն է կատարել»: «Եվ ակնհայտ է, որ Անդրիաս Ղուկասյանի պարագայում չկար ընդհանրապես հիմնավոր կասկածը, և նա որևէ կերպ չէր կարող ազատությունից զրկվել», - հայտարարեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Ավելին ասեմ, որ հիմքը կալանավորման ընդհանրապես բացակայում էր, և այն դատական ակտը, որը կայացվեց, որպեսզի նա երկու ամիս ժամկետով ազատությունից զրկվի, այսինքն՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառվեց, ակնհայտ ապօրինի էր»:
«Ակնհայտ երևում է, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ, և ակնհայտ է, որ մենք կամաց-կամաց հասնում ենք նրան, որ եթե անձը ունի կարծիք, եթե փորձում է իր կարծիքը արտահայտել որևէ կերպ, առավել ևս՝ որևէ հավաքի մասնակցել, ապա նա պետք է պատժվի: Եվ առավել ևս՝ եթե այդ հավաքը որևէ պահանջ է լուրջ ներկայացնում և եթե որևէ վտանգ է ներկայացնում ոչ թե այն տեսակետից, որ ինքը խաղաղ չէ, այլ երբ որ տեսնում են, որ բազմաթիվ են անձինք, գնալով ավելի շատանում են և արդեն որևէ կերպ իրենցից վտանգ են ներկայացնում, հասկանալի է, որ պետք է լինեին հետապնդումներ», - ընդգծեց փաստաբանը:
«Այսինքն, տրամաբանությունը մեր մոտ այդպիսին է՝ պետք է կարծիք չունենալ, պետք է հավաքի չմասնակցել, պետք է իր կարծիքը չարտահայտել», - ամփոփեց Լուսինե Սահակյանը: