«Ժառանգություն» կուսակցությունը պայքարի նոր փուլ է սկսում: Օգոստոսին կուսակցությունը պատրաստվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացնել: Սարի թաղի իրադարձություններից հետո «Ժառանգության» գլխավոր պահանջներից մեկն է դարձել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը։
«Քաղաքական բոլոր բանտարկյալները՝ հին սերունդ և նոր, պետք է առանց նախապայմանի ազատ արձակվեն: Ոստիկանապետը և իրավապահ մարմինների ղեկավարները պետք է հանվեն իրենց աշխատանքից՝ Սարի թաղի ոստիկանական վարքի հիման վրա: Այսքան ամոթ Եղեռնից այս կողմ մենք չենք տեսել Հայաստանի Հանրապետությունում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդն ասաց, որ օրակարգում է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, բայց ամեն ինչ՝ հերթով։ Ընդդիմադիր գործիչը զգուշացրեց իշխանություններին․ Հայաստանում լուրջ փոփոխություններ պետք է լինեն և արտահերթ ընտրություններ անցկացվեն, այլապես «Սասնա ծռեր»-ի օրինակը վարակիչ կլինի՝ «նոր «Սասնա ծռեր» կծնվեն»:
«Եվ թող որքան ուզում են ծաղրեն ինձ և մեզ, բայց իրենք [«Սասնա ծռերը»] իսկապես հակաահաբեկիչ են: Իրենք հակաահաբեկչական զինվորներ են, ով նվազ պաշարով պետական, իշխանական, փողկապային տեռորին պատասխան են տալիս նվազագույն զոհերով: Ցավում ենք, որ կորցրեցինք երկու ոստիկաններ», - նաև ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նաև հայտարարեց, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված կալանավորված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը «Հայաստանի Հանրապետության նորագույն քաղաքական բանտարկյալներն են»:
Ասուլիսին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ այժմ ծրագիր են կազմում և առաջիկա օրերին փողոց դուրս կգան։
«Մենք մտնում ենք նոր փուլ: Մենք տեսնում ենք «Սասնա ծռերի» գործողությունները հրապարակներում: Բոլոր հրապարակները պետք է լինեն այս անգամ արդեն քաղաքական ծռերով լեցուն, այսինքն՝ մենք մտել ենք ապստամբության նոր փուլ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորումը, որի կազմում կային «Ժառանգություն» կուսակցության հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին մաս կազմող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, հուլիսի 17-ից գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և երկու շաբաթ պահել այն իր վերահսկողության տակ: Այդ ընթացքում զոհվել է երկու ոստիկան:
Քանի դեռ ՊՊԾ գնդի տարածք գտնվում էր զինված խմբի վերահսկողության տակ, դրա շուրջ իրավապահների ստեղծած անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշի մոտ ամենօրյա բողոքի ակցիաներ էին անցկացվում, որի մասնակիցները պահանջում էին իրավիճակը կարգավորել առանց արյունահեղության, ինչպես նաև «Սասնա ծռերին» ապահովել սնունդով և բուժօգնությամբ: Իրավապահները ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ մի քանի անգամ ցրեցին բողոքի ցույցերը: Հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում հավաքված ցուցարարներին ցրելիս իրավապահների գործադրած միջոցներից տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան, հարձակման ենթարկվեցին նաև լրագրողները:
Հուլիսի 31-ին խումբ վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին:
Վերջին օրերին «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ազատության հրապարակում, մինչդեռ հարթակում «Ժառանգության» ներկայացուցիչներ չեն լինում։ «Ազատության» հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ կուսակցության այլ անդամներ այս օրերին դուրս չեն գալիս փողոց, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց․ - «Շատ լավ հարց է՝ այդ հարցի պատասխանը դեռ պիտի քննարկենք և կարծում եմ, որ դուք մեզ կգտնեք ամենատարբեր հարթակներում, բայց եթե խոսքը վերջին երկու օրվա մասին է՝ մեր ներկայացուցիչները կան»:
Հովհաննիսյանը նաև կոչ արեց միջազգային կառույցներին ուշադիր հետևել Հայաստանյան իրադարձություններին, Հայաստանի իշխանություններին էլ կոչ արեց ներքաղաքական լարվածության ժամանակ Ղարաբաղյան խնդիրը անընդհատ չհիշեցնել, քանի որ միայն հզոր Հայաստան ունենալու դեպքում հնարավոր կլինի ետ բերել ապրիլյան պատերազմի ժամանակ կորսված հողերը։