ՀԾԿՀ-ն ընդունեց գազի գինը նվազեցնելու որոշումը

Հուլիսի 1-ից գազի սակագինը կնվազի 9.3 դրամով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը իջեցվեց 9.3 դրամով։

Արդեն հուլիսի 1-ից սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ 700 լումա։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գազի գինը իջեցնելու առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիա»-ն՝ հիմնվելով անցած ամիս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա։

Ըստ համաձայնագրի, ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին 1000 խմ-ի դիմաց 189-ից դարձել է 150 դոլար։

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը լրագրողներին ասաց, որ սակագինն ավելի իջեցնել հնարավոր չէր․ - «Եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց մարդիկ, մասնագետներ, և իհարկե, հնարավորություն դեպքում, իրենք էլ հասկանում են, որ դա է մաքսիմալը»:

Սակագնի իջեցման հայտով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել էր ապրիլի 29-ին՝ չնայած սահմանին գինն իջել էր արդեն ապրիլի 1-ից:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ մինչև հուլիսի 1-ը «Գազպրոմ Արմենիա»-ն կունանա 8․9 միլիարդ դրամի եկամուտ: Մինչդեռ ընկերությունը հայտում նշել էր, թե ունենալու է 7 միլիարդ դրամի եկամուտ, որը մտադիր են ուղղել գազամատակարարման համակարգի վերանորոգմանը:

Հայաստան մատակարարվող գազի ոլորտում ուսումնասիրություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, սակագինը մոտ 6 տոկոսի փոխարեն կարող էր ավելի զգալի չափով նվազել:

«Սահմանին գազի գինը իջեցնում են, ըստ էության, իրենք իրենց համար՝ «Գազպրոմ»-ը «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում գազի գինը գոյանում է ռուսական ռուբլով: Ռուսական ռուբլին դրամի նկատմամբ համարյա կրկնակի արժեզրկվել է, և այն, որ այս ընթացքում գազի գինը այստեղ ընդամենը մի քանի տոկոսով է նվազում և ոչ թե կրկնակի, խոսում է այն մասին, որ ռուսական «Գազպրոմ»-ը գերշահույթներ է ստանում այս կամ այն կերպ»:

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը հայտարարեց նաև, որ գազի սակագինը հետագայում հնարավոր կլինի իջեցնել՝ եթե գինն իջնի սահմանին, կամ մեծանան գազի սպառման ծավալները:

Հարությունյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու են Հայաստանի Եվրասիական տնտեսական միության գործընկերները գազը ստանում ավելի ցածր գնով․ - «Ղազախստանը ունի իր սեփական գազը, Ռուսաստանը ունի իր սեփական գազը, Բելառուսի ու մեր գինը սահմանի վրա նույնն է»:

Իոաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանում գազի բաշխման գինը ամենաբարձրերից է աշխարհում, սակագնի վրա բացասական է ազդում նաև այն, որ ռուսաստանյան ընկերությունը միակ ներկրողն է․ - «Գազի գինը միմիայն կախված է Ռուսաստանի ցանկությունից: Ռուսաստանի ցանկությունը կլինի բարենպաստ Հայաստանի նկատմամբ՝ գազի գինը կլինի ցածր, Ռուսաստանը ինչ-որ մի պայծառ օր ուզենա Հայաստանին պատժել ինչ-որ մի բանի համար՝ գազի գինը կբարձրանա: Ուկրաինայում գազի սակագինը մոտ 140 դրամ է, այն դեպքում, երբ Ուկրաինան բավականին վատ իրավիճակում է, երբ Ուկրաինան Ռուսաստանի թշնամին է, և Ուկրաինան չունի գազ ունեցող այլ հարևաններ, ումից կարող է մրցակցային գնով գազ գնել»:

Իոաննիսյանը կարծում է, որ գազի սակագնի փոփոխությունը հավանաբար կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի որոշակի էժանացման, թեև հավելում է, որ սակագնի չնչին իջեցումը տնտեսության վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: