Մատչելիության հղումներ

Հուլիսի 1-ից գազի գինը կնվազի 9.3 դրամով


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի գազի գնի հարցով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի՝ որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին, այսօր հայտարարեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։ Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից արդեն բնակիչները գազի 1 խորանարդ մետրի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ։

Հանձնաժողովի պաշտոնյան նշեց, որ գազի գինը իջեցնելու առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»՝ հիմնվելով անցած ամիս Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային նոր համաձայնագրի վրա։ Բաղրամյանը շեշտեց՝ սակագինը է՛լ ավելի իջեցնելու հնարավորություն չկա, քանի որ կողմերի ստորագրած համաձայնագրում ներառվել են հենց այս պայմանները։

«Սակագնի իջեցման ավելի շատ հնարավորություն չկա, քանի որ միջպետական համաձայնագրով է դա արվում։ Գազի սակագինը իջնում է 150 այն պայմանով, որ եկամուտները մնան ընկերությունների, այսինքն, այն ամբողջ եկամուտը, որ ձևավորվում է այդ տարբերությունից, ամբողջությամբ իջեցված է, այլևս իջեցնելու հնարավորություն չկա», - նշեց Գարեգին Բաղրամյանը:

Հանձնաժողովն այսօր փակ հանդիպում անցկացրեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ և նրանց ներկայացրեց «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատությանն» ասաց՝ սրանով Ռուսաստանը Հայաստանին լավություն չի անում․ - «Ավելին ասեմ, հանձնաժողովը տողեր էր տեսնում, որոնք նվազեցնելով կարելի է գինն էլ իջեցնել, բայց քանի որ դա իրենից կախված չէ, այլ համաձայնագրից, նա ընդամենը կարող է ծախսերը ձևակերպել»:

Իոաննիսյանի հաշվարկներով՝ գազի գինը կարող էր իջեցվել ոչ թե 9.3, այլ մինչև 25 դրամով․ - «Անգամ դատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այսօր մեզ բաժանված հաշվարկներից, կարելի է վստահաբար ասել, որ ապրիլին ստորագրված համաձայնագրում կարող էր այլ թիվ նշվել: Այդ համաձայնագիրը կարող էր լինել այնպիսին, որ շարքային քաղաքացիներին, արդյունաբերական հիմնարկներին, գազալցակայաններին մատակարարվող գազի գինը շատ ավելի ցածր լիներ: Բայց դա տեղի չունեցավ»:

Իոաննիսյանը նշեց, որ 2013-ից հետո գազի գինը միջազգային շուկայում երեք անգամ նվազել է, միևնույն ժամանակ, քանի որ Ռուսաստանը մոտ է Հայաստանին, իրատեսական կլիներ՝ սակագինն իսկապես ավելի ցածր սահմանվեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG