Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջեցվել «առնվազն անցյալ տարվա մակարդակին»


Մոտ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 7 դրամով՝ մեկ կիլովատտ/ժամի դիմաց 42 դրամից հասնելով մոտ 49 դրամի։

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել-չնվազեցնելու հարցը՝ տնտեսագետները հաշվարկում ու համոզված ասում են, թե կան մի շարք գործոններ էլեկտրաէներգիան առնվազն անցյալ տարվա մակարդակին հասցնելու համար։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հաշվարկներով, այսօր գազը Հայաստանում կարող է 56, իսկ էլեկտրաէներգիան՝ 10 դրամով ավելի էժան մատակարարվել։

Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանում սակագնի հաշվարկման մեթոդներն արդեն հնացած են և ոչ մի կապ չունեն իրականության հետ․ - «Հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ է այսօր հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը․ ինչքան կարողացան ծախսեր ցույց տալ էլեկտրաէներգիա արտադրող և գազ ներմուծող կազմակերպությունները, այնքան սակագինը կբարձրանա: Այսինքն, շուկայական հարաբերությունները որևէ կերպ չեն ազդում սակագնի վրա»:

Օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց ՀԷՑ-ի ներկայացրած հերթական ներդրումային ծրագիրը՝ մոտ 20 միլիարդ դրամի չափով։ Խաչատրյանը մտավախություն ունի, որ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը առաջիկայում կարող է իր ներդրումները ներառել ծախսերի մեջ և ներկայացնել որպես սակագինը կրկին բարձրացնելու հիմնավորում․ - «Այն ֆանտաստիկ ծրագրերը, որ կան, դրանք մեր իրականության հետ կապ չունեն: Մենք ունենք աղքատ երկիր, աղքատ ազգաբնակչություն, և ունենք էներգետիկ համակարգ, որը կառուցվել է լրիվ ուրիշ տրամաբանությամբ: Դա Սովետական Միության էներգետիկայի համակարգն էր, որը պետք է ունենար մեծ արդյունաբերություն, և որտեղ տեղի էր ունենում սուբսիդավորում: Այսինքն՝ արդյունաբերությունն ավելի շատ էր վճարում, բնակչությունն ավելի քիչ էր վճարում: Մեր մոտ հիմա հակառակն է․ մենք գազի և էլեկտրաէներգիայի ամենամեծ սպառողներն ենք դարձել, մենք ամենաշատն ենք վճարում, քան արդյունաբերությունը կամ մնացած բնագավառները»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համադրել է տարբեր երկրներում սակագնային քաղաքականությունն ու եկել հայաստանյան սպառողների համար ոչ շահեկան եզրահանգման. - «Մեծ հաշվով, մենք կարող ենք ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի առումով սոցիալական մեր բեռը բազում անգամ ավելի շատ է»:

Մանուկյանը վկայակոչում է պետական մարմինների հրապարակած վիճակագրական տվյալներն ու պնդում, որ այս տարին ջրառատ է եղել, և ՀԷԿ-երը նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա են արտադրել։ Բացի այդ, տնտեսագետը վկայակոչում է բաշխիչ ցանցերի տվյալները, ըստ որոնց՝ մոտ 28 միլիարդ դրամի կրած վնասները, որով անցյալ տարի հիմնավորեցին սակագնի բարձրացումը, մինչև օգոստոսի 1-ը արդեն մարված կլինի․ - «Այսինքն, եթե ոչինչ մենք չանեինք, օգոստոսի 1-ին առնվազն 6 դրամով պետք է իջներ սակագինը»։

Տնտեսագետ Հայկ Գևորգյանի կարծիքով, նոր սակագին սահմանելուց առաջ նախ պետք է պարզել, թե որքանով է հիմնավոր առկա սակագինը։ Տնտեսագետն արժանահավատ և վերջնական չի համարում թե՛ ՀԷՑ-ի և թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի արդյունքները, որոնք տեղի ունեցան անցած տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներից հետո․ - «Չկատարվեց ամենահիմնականը՝ այն օպերացիոն աուդիտը, որ մինչև վերջին բոլտ ու գայկան, որը որ ՀԷՑ-ը գնել ա ու ցույց ա տվել, որ ծախսել ա ու էդ ծախսերը դրել ա սակագնի մեջ, դրանք որքանով էին հիմնավոր։ Էդ հարցին ընդհանրապես չմոտեցավ կառավարությունը։ Ու քանի որ էդպես ատամներով պահեց ու չմտավ էդ դաշտ, ես խորը կասկածներ ունեմ, որ հենց էդտեղ ա պետք ստուգել։ Այսինքն, բարձրացվեց սակագինը 39 դրամից, պետք էր նայել՝ էդ 39 դրամը որքանով էր հիմնավոր։ Կարող ա 20 պիտի լիներ, ոչ թե 39»։

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի հազար խորանարդ մետրի գինը ապրիլի 1-ից իջեցրեց 15 դոլարով, ինչից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման մասին։

XS
SM
MD
LG