Երեկ Բրյուսել է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով նախ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցելու է Ադրբեջան-ՆԱՏՕ նիստին, ապա հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին։
Իսկ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։
Անցած հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին Նալբանդյանը հայտարարել է, որ միջնորդների հետ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ «Այնպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել», - ասել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ համանախագահող երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ Վիեննայում մայիսի 16-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որն առաջինն էր ապրիլյան ռազմական աննախադեպ ծանր մարտերից հետո։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Բացի այդ, Վիեննայում որոշվել է լրացուցիչ լծակներ տրամադրել շփման գծում դիտարկումներ իրականացնող ԵԱՀԿ-ի առաքելությանը։
Վիեննայի բանակցություններից հետո միջնորդները հայտնել են, որ հունիսին հնարավոր է նախագահների մակարդակով մի նոր հանդիպում։
Երեկ պաշտոնական Բաքուն տարածել է ուշագրավ մեկ այլ հաղորդագրություն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ ներկա կլինի Իզմիրում ընթացող «Էֆես-2016» զորավարժությունների ավարտական փուլին։
Այդ զորավարժություններին մասնակցում են 9 երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում՝ ադրբեջանցի 30 զինծառայող։