Մատչելիության հղումներ

Ուորլիքը հստակեցնում է ԱԳ նախարարների հետ միջնորդների հանդիպումների օրերը


Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ջեյմս Ուորլիքի հետ, արխիվ
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ջեյմս Ուորլիքի հետ, արխիվ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտնում է, որ հունիսի 2-ին Փարիզում կհանդիպեն Նալբանդյանի, մայիսի 31-ին Բրյուսելում՝ Մամեդյարովի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մայիսի 31-ին Բրյուսելում, ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Մամեդյարովը երեկ ասել է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել համապարփակ և կոնկրետ արդյունքներ հետապնդող բանակցությունների համար՝ հիմնված փուլային կարգավորման տարբերակի վրա։

Բաքվում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քերոլ Քրոֆթսի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե ստատուս քվոյի փոփոխության և հակամարտության կարգավորման առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Հիշեցնենք, մայիսի 16-ին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի նախագահները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև Մինսկի խմբի երեք համանախագահներն իրենք։ Հանդիպման արդյունքում միջնորդ երկրների արտգործնախարարների տարածած հայտարարությունում նշված էր հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, սահմանային միջադեպերը վերահսկելու մեխանիզմներ ստեղծելու մասին, ինչպես նաև հաղորդվում էր, որ նախագահները համաձայնել են հաջորդ հանդիպումը անցկացնել հունիսին՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ։

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների։ Նա «Թրենդ»-ի հետ զրույցում նշել է, որ Վիեննայի հանդիպման առաջարկները միմյանց հետ փոխկապակցված են։ «Կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու նպատակը համապարփակ բանակցությունների համար հիմք ստեղծելն է, իսկ հակամարտության քաղաքական կարգավորման հիմնական մասը անընդունելի ստատուս քվոյի փոփոխությունն է և հայկական զինված ուժերի դուրսբերումը օկուպացված տարածքներից», - հայտարարել է Հաջիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG