Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին Վիեննայում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատել են ՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Միջնորդները պնդել են 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը:
Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի նախարարները մայիսի 16-ին ուշ երեկոյան տարածած հայտարարությունում, ամփոփելով հանդիպումը, նշում են. - «Նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նաև համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ և պայմանավորվել են շարունակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը:
«Նախագահները համաձայնեցին հաջորդ հանդիպման մասին, որը անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ», - իրենց հայտարարությունը եզրափակում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները: