Պատգամավորները բացառում են միակողմանի զիջումները

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը (ՀՅԴ), արխիվ:

«Այն իշխանությունը, որը կգնա միակողմանի զիջումների, ստիպված կլինի հրաժարական տալ», - հայտարարում է ՀՅԴ ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը բացառում է, որ ռուսաստանյան մամուլում վերջին օրերին շրջանառվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակն իրականություն դառնա:

Ռուսաստանյան մի քանի տպագիր լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել են, թե ըստ այդ տարբերակի, այս փուլում Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարող մի քանի շրջաններ, տեղակայվեն խաղաղապահ ուժեր, իրենց բնակավայրերը վերադառնան փախստականները․ դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը:

«Խոսել միակողմանի որևէ զիջման մասին ես բացառում եմ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները նման բանի երբեք չեն գնա՝ անկախ նրանից, թե ճնշումներ կլինեն․․․ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանից», - ասաց Աղվան Վարդանյանը՝ փաստարկելով․ - «Որովհետև այս խնդիրը առնչվում է մեր լինելիությանը, մեր ազգային, պետական շահերին, և միակողմանի ցանկացած զիջում իր հետևից կբերի զիջումների շղթա: Բնական է, որ որևէ մեկը նման պատասխանատվություն չի կարող վերցնել իր վրա»:

Նա գտնում է, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ փաթեթով: Նրա կարծիքով, Հայաստանը պետք է պահանջի, որ հակամարտող կողմերը համաձայնության գան ուժի կիրառումը և դրա սպառնալիքը բացառելու հարցում, քանի որ բանակցությունների մասին խոսելն անիմաստ է՝ եթե մի կողմն անընդհատ սպառնում է խնդիրը ուժով լուծել․ - «Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ռուսաստանը, եթե ուզում է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, նախ պիտի այս հրադադարի ռեժիմը դարձնեն մշտական, կայուն, և դա կարող է լինել իմ ասած պայմանագրով»:

​Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ միակողմանի զիջումների, որովհետև դա հավասարազոր կլինի քաղաքական ինքնասպանության:

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, արխիվ:

Արզումանյանի համոզմամբ՝ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ Հայաստանի իշխանություններն այնպես են կառուցել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ հարյուրտոկոսանոց կախման մեջ են ընկել, և Մոսկվայի կողմից այսօր ընկալվում են որպես մի գործընկեր, որին ամեն ինչ կարելի է թելադրել։

«Բայց այս իրավիճակից առանց կորուստների դուրս գալ է պետք: Դա պետք է մտածենք», - շարունակեց Արզումանյանը: - «Իսկ եթե չեն կարողանում՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, հնարավորություն տա ուրիշները դա անեն»:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը գնա զիջումների, ի՞նչ տեղի կունենա, նախկին արտգործնախարարն արձագանքեց․ - «Այստեղ պայմանավորված չէ անձի հետ: Ես չեմ կարծում, որ որևէ իշխանություն պատրաստ է այս պահին գնալ այնպիսի զիջումների, որոնք վտանգում են Ղարաբաղի բնակչությանը: Բոլորն էլ ընդունել են մշտապես, որ զիջումներ անհրաժեշտ կլինեն հարցի ընդհանուր կարգավորումից հետո միայն: Հայաստանում փորձը ցույց է տվել, որ մենք դեռևս չենք ունեցել ինքնասպան իշխանություն, այնպես որ, կարծում եմ, որևէ իշխանություն ինքնասպանության չի գնալու»:

Արզումանյանը նաև ընդգծեց, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղի բնակչությունը մշտապես ցեղասպանության վտանգի տակ է, և որքան դիրքերը մոտենան Ստեփանակերտին, այնքան Ղարաբաղն ավելի շատ կորուստներ կունենա: Ուստի Հայաստանը մեկ անելիք ունի՝ բացատրել բոլորին, որ առանց կարգավիճակի վերջնական որոշման հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման հարակից տարրերի մասին․ - «Ստատուսի ճանաչումից, ընդունումից հետո Ադրբեջանի կողմից կարելի է քննարկել տարբեր տարածքներից դուրս բերման, փոխանակման, փախստականների վերադարձի և այլ հարակից խնդիրների մասին: Այսօր մենք պետք է գիտակցենք, որ միակողմանի, ոչ-համապարփակ լուծման գնալը սպառնում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»: