Աշոտյանը, ով պատասխանատու է նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար, այսօր «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես հայտարարեց․ - «Ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ խաղաղության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ երկար ժամանակ այդ խաղաղությունը պահպանվում է: Ակնհայտ է, որ քառօրյա պատերազմից հետո խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական արագ հանգուցալուծման մասին ժամանակավրեպ է, որովհետև կարևոր նախապայմանը վստահության վերականգնումն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, անկախ այս չորսօրյա պատերազմից, միշտ խախտել է հրադադարը, միշտ կորցրել է մեր վստահությունը, և այդ վստահությունը վերականգնելու համար, եթե այն երբևէ եղել է, պետք է ժամանակ: Հետևաբար, որքան էլ դրսի ջանքերը միտված լինեն արագացնելու երկարաժամկետ և կայուն խաղաղության պրոցեսը, այնուհանդերձ, դրա համար կարևոր նախապայման է վստահության վերականգնումը: Քառօրյա պատերազմով Ադրբեջանը զրոյացրեց անգամ այն դիվանագիտական վստահության լիմիտը, որ կարող էինք իրեն վերագրել: Հետևաբար ես չեմ կարծում, որ այս տեսանելի ժամանակահատվածը ԼՂՀ խնդրի կարգավորման միջազգային վերջնական ջանքերի արձանագրում կարող է տալ»:
Սպասվում է, որ վաղը Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդիրը: Կրեմլին մոտ կանգնած երկու պարբերականներ՝ Известия-ն ու Коммерсантъ-ը, նախորդ օրերին գրեցին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է մասնակցելու առաջիկայում մեկնարկող բանակցություններին:
Իսկ առաջարկը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայվեն, վերադառնում են նաև փախստականները, բացվում են սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե կանցկացվի:
Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ լեգիտիմ միջազգային ձևաչափն է և այն ունի եռանախագահություն, ուր ներկայացված են այս տարածաշրջանով հետաքրքրված երեք խոշոր ուժի կենտրոններ․ - «Ռուսաստանը կարող է ստանձնել այս գործընթացի կարգավորման դիվանագիտական առաջամարտիկի դերը: Առաջին անգամը չէ սա․ բոլորս հիշում ենք Կազանի հանդիպումը, որը տապալվեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով: Քառօրյա պատերազմը վերահաստատեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: Սա նույնպես արձանագրենք՝ վերահաստատեց, ոչ թե հաստատեց: Փաստը մնում է փաստ, որ Մինսկի խումբը, հատկապես եռանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբևէ չեն համաձայնի խնդրի կարգավորման որևէ տարբերակի, որը կբխի բացառապես Ռուսաստանի տեսլականից»:
ՀՀԿ-ի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանի համար կան «կարմիր գծեր», որոնցից Երևանն ու Ստեփանակերտը չեն նահանջելու․ - «Ակնհայտ է, որ խնդրի վերջնական կարգավորումը կարող է արվել միայն կոմպրոմիսների միջոցով: Ակնհայտ է հայկական կողմերի համար, որ այդ կոմպրոմիսները չեն կարող անցնել «կարմիր գիծը», որը այստեղ երկու գործոնով է պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, սեփական ճակատագիրը որոշելու, վերահաստատելու հնարավորություն, և երկրորդը՝ անվտանգության միջազգային երաշխիքներ: Թեպետ քառօրյա պատերազմը ապացուցեց, որ թիվ մեկ երաշխիքը հայաստանյան երկու պետությունների համար Հայաստանի և Ղարաբաղի բանակներն են և Հայաստանի ու Ղարաբաղի հասարակությունները»: