Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ Մոսկվան կարող է փորձել «զոհաբերել Հայաստանի շահերը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ այս շաբաթ նախատեսված երևանյան այցին ընդառաջ հայաստանյան փորձագիտական հանրությունում մտավախություն կա, թե նախաձեռնելով ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլը՝ Մոսկվան փորձում է զոհաբերել Հայաստանի շահերը՝ հանուն իր աշխարհաքաղաքական նպատակների:

Մոսկովյան Известия պարբերականի երեկվա հրապարակման համաձայն, առաջիկա օրերին նախագահ Պուտինի անմիջական մասնակցությամբ բանակցություններ են մեկնարկելու:

Առաջարկը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվի տարածքների մի մասը, տեղակայվեն խաղաղապահներ, փախստականները պետք է վերադառնան, բացվեն սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվի:

Ի պատասխան՝ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը փոխանցել է, որ հայկական կողմը Մինսկի խմբի հետ չի քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ իրավիճակն իրեն հիշեցնում է 2013-ի սեպտեմբերը, երբ Կրեմլի ճնշման հետևանքով Հայաստանը հարկադրված հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից․ - «Մինչև Известия-ի հրապարակումը Բաքվում հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը՝ նշելով, որ Ռուսաստանը հանդես է եկել դիվանագիտական նախաձեռնությամբ: Հայաստանի նախագահի խոսնակն ասաց, որ հայկական կողմը դեռ պաշտոնապես չի համաձայնել մասնակցել այս նախաձեռնությանը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ներկայումս ձգտում է ճնշում բանեցնել Հայաստանի նկատմամբ: Վտանգն այն է, որ Հայաստանը ենթարկվում է Ռուսաստանի աննախադեպ ճնշմանը: Կարելի է սպասել, որ Ռուսաստանը կպահանջի Հայաստանից Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից մեկ-երկու շրջան՝ անորոշ խոստման դիմաց, թե Ռուսաստանը միջնորդական առաքելություն կիրականացնի: Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը փոխվել է, և Ռուսաստանը դավաճանել է իր ռազմավարական գործընկեր Հայաստանին»:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Կրեմլի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն», - եզրափակեց Կիրակոսյանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով, Ռուսաստանը միջնորդեց, որպեսզի կրակը դադարեցվի այն ժամանակ, երբ հայկական ուժերը հակառակորդից հետ էին վերցրել գրեթե բոլոր դիրքերը, ադրբեջանցիները նահանջում էին, և մեծ հակահարձակում էր նախապատրաստվում հակառակորդի դեմ․ - «Մեզ համար շատ ավելի էական է՝ եթե Հայաստանը համաձայնություն տա նման բանակցություններ վարելու, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները լինելո՞ւ են այնտեղ, թե՞ ոչ: Դա շատ ավելի էական խնդիր է, քան մնացածները»:

Սարգսյանը ընդգծեց՝ եթե Известия-ի տարբերակը իրականություն է, և եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն դրան, ապա Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կհայտնվեն ծանր վիճակում․ - «Նման տարբերակը կնշանակի, որ մենք անընդհատ կլինեն այ սենց վիճակում: Կպարտադրեն մեզ ինչ-որ վիճակներ, մենք կգնանք այդ քայլերին, հետո գլխներիս կսարքեն, ոնց որ էս անգամ սարքեցին, հետո իրենք էլ կքաղեն օգուտներ»:

XS
SM
MD
LG