Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան․ «Լավրովի այս այցը ավելի շատ հետախուզական է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Երևան, 9-ը նոյեմբերի, 2016թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Երևան, 9-ը նոյեմբերի, 2016թ․

Հայաստանցի մեկ այլ քաղաքագետ՝ Սերգեյ Մինասյանն էլ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումների բանեցման հեռանկար չի տեսնում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլ նախաձեռնելու տեղեկությունների ֆոնին արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այս շաբաթ նախատեսված երևանյան այցը, ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, հետախուզական նշանակություն ունի:

Նա չի բացառում, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ղարաբաղյան հարցն իր տարբերակով լուծելու համար:

«Այդ պլանը մեկին մեկ նույնությամբ կրկնում է այն, ինչը մենք տեսել ենք 2008 թվականին, երբ հայտարարվեց կրկին տարածքների մի մասի վերադարձի մասին, փախստականների վերադարձի մասին, ռուս խաղաղապահների տեղակայման մասին և այդպես շարունակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ «այժմ ակնհայտորեն խաղը շարունակվում է, և Ռուսաստանը հերթական փորձն է անում ոչ միայն բանակցային գործընթացը իր ձեռքը վերցնել, ինչպես 2008 թվականին մայնդորֆյան հանդիպումից հետո, այլ նաև լուծել Ադրբեջանին, այսպես ասած, զավթելու հեռահար նպատակը, և որի դիմաց ինքը պետք է որոշակի զիջումներ պարտադրի հայկական կողմին»:

«Հետևաբար, Լավրովի այս այցը ավելի շատ հետախուզական այց է, և առաջին հերթին կփորձեն հասկանալ՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահի հովանու ներքո այդ երկարատև բանակցություններին և արդյոք սկզբունքորեն համաձայնում է պուտինյան պլանին, որից հետո ակնհայտորեն նրանք մնացածը կհամաձայնեցնեն Ադրբեջանի հետ», - ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումների բանեցման հեռանկար չի տեսնում:

«Լավրովի այցի գլխավոր նպատակը՝ փորձել պարզել՝ արդյոք հնարավորություն կա հակամարտող կողմերին ստիպել գնալ ինչ-որ մի փաստաթղթի կամ մի պայմանավորվածության ստորագրմանը, որը կֆիքսի հրադադարի ռեժիմի շարունակությունը և կայունությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ «դրանից ավել այս պահին ինչ-որ փաստաթղթի մասին խոսք կարող է գնալ»:

Նա, սակայն, կայուն հրադադարի հաստատման հնարավորություն չի տեսնում:

Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, երկօրյա այցով Հայաստան է ժամանելու վաղը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG