Սերժ Սարգսյան. «Եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք, շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք երկիրը»

Հայաստանի նախագահը ելույթ է ունենում Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում: 30-ը մարտի, 2016 թ․

Հայաստանի նախագահն այսօր մասնակցելու է Վաշինգտոնում մեկնարկող Միջուկային անվտանգության համաժողովին:

Առայժմ տեղեկություն չկա, թե արդյոք Սարգսյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Հիշեցնենք, որ Քերրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել է դեռ մարտի 30-ին:

Այցի մեկնարկից՝ մարտի 29-ից ի վեր Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթս նահանգում, եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, Թաֆթսի, Հարվարդի համալսարաններում:

Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից մինչև ներքին խնդիրներ:

«Ներքին կյանքի առումով այսօր ինձ համար, թերևս, ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատության նկատմամբ հարգանքն է և ակտիվ քաղաքացիական հասարակությունը: Կարծում եմ, որ այս դպրոցի տանիքի ներքո առավել քան ընկալելի է պետական ինստիտուտների կողմից արդյունավետ որոշումներ կայացնելու մեխանիզմների կարևորությունը: Այսօր Հայաստանում լայն թափով ընթացող ներքին բարեփոխումները հենց այդպիսի մեխանիզմներ ստեղծելու նպատակ ունեն», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա «բեկումնային» է անվանել անցած տարեվերջին հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումները․ - «Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ և այն պետք է լիարժեքորեն իրացնենք»:

Ավելի ուշ կայացել է նաև Հայաստանի նախագահի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ելույթում նա հորդորել է համայնքի ներկայացուցիչներին խթանել օտարերկրյա ներդրումները Հայաստանում․ - «Օգտագործելով ամերիկյան բիզնես շրջանակների հետ ձեր կապերը՝ դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ամբողջությամբ չի օգտագործվում հատկապես ամերիկահայերի ներուժը... Եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք, շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք երկիրը, աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք զարգացնել երկիրը»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համար, մինչդեռ, ակնհայտ է, թե ինչու ամերիկահայերը ներդրումներ չեն անում Հայաստանում․ - «Փաստը արձանագրվել է Միացյալ Նահանգների նախկին դեսպանների կողմից այստեղ, երբ ակնարկվել է Հայաստանի կոռուպցիան: Ակնարկվել է հենց ուղիղ ներդրումների առումով կոռուպցիայի խոչընդոտ լինելը: Այս կտրվածքով, կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում չէ, որ Սերժ Սարգսյանը պիտի փնտրի կամ շարունակի հորդորել ամերիկահայ գործարարներին իրենց ներդրումը ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում»:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է, որ Սարգսյանին, ի տարբերություն Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների, Սպիտակ տանը չեն ընդունել, ինչի պատճառը, ըստ նրա, 2008 թվականի մարտի 1-ն էր։

Միևնույն ժամանակ վերլուծաբանը նշանակալից է համարում Սարգսյանի այս այցը՝ հատկապես, որ Ռուսաստանը բոյկոտել ու չի մասնակցում Միջուկային անվտանգության գագաթնաժողովին. - «Հայաստանի նախագահը առաջին անգամ չէ, որ մասնակցում Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Սարգսյանը անցյալ տարի ևս այնտեղ էր։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը դիտարկվում է որպես ռազմավարապես ավելի կարևոր երկիր, քան նախկինում էր։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սարգսյանը մասնակցում է գագաթնաժողովին չնայած Ռուսաստանի՝ գագաթնաժողովը բոյկոտելու որոշմանը։ Սա շատ կարևոր է։ Սա Հայաստանի ինքնավարության ու անկախության նշան է»։

Ապրիլի 29-ին Սարգսյանը այցելել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և դրա մեդիա-լաբորատորիա, որը նորարարական լրագրության կենտրոն է։

Քաղաքագետ Կիրակոսյանը խորհրդանշական է համարում այս այցը. - «Ուշագրավ է, որ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է Մասաչուսեթսում ներկայացվածից. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները վիրավորում են լրագրողներին, ոստիկանները ևս բռնություններ են գործադրում: Լրագողները Հայաստանում ամենաճնշված և խոցելի խավն են»։