Մատչելիության հղումներ

Նախագահը Մասաչուսեթսի հայ համայնքին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում


Օրհասական պահերին ամերիկյան հզոր հայկական համայնքը մշտապես եղել է իր հայրենակիցների կողքին, օգնության ձեռք մեկնել թե՛ Սպիտակի երկրաշարժի, թե՛ Արցախյան ազատամարտի և թե՛ պետականության կերտման դժվարին ժամանակներում, այսօր ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դուք մեծապես նպաստել եք Հայաստանի Հանրապետության կայացմանը, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ ժամանակ ու միջոցներ տրամադրելով բազմաթիվ խնդիրների լուծման համար», - ասել է նախագահը՝ հավելելով. - «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք, առավել քան երբևէ, համախմբվեցինք, մեկտեղեցինք մեր ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ ամուր է հայի կամքը, հաստատակամ ու շարունակական նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն մարդկության դեմ ուղղվող հանցագործության դատապարտման, որպեսզի այլևս երբեք և ոչ մի վայրում չկրկնվի ցեղասպանություն կոչվող հրեշավոր հանցագործությունը»։

Նախագահի խոսքով, այսօր էլ արցախահայության ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցերը շարունակում են մնալ համազգային առաջնահերթություններից: «Եթե չլինեին Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումները և սադրանքները, մենք, թերևս, հարցը վաղուց լուծած կլինեինք, և այսօր միանգամայն այլ հնարավորություններ բացված կլինեին մեր ժողովուրդների համար: Իհարկե, մեր նպատակն է շարունակում մնալ հարցի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը, սակայն հավաստիացնում եմ ձեզ՝ մենք չենք վարանի համարժեք քայլեր ձեռնարկել հակառակորդի հնարավոր ագրեսիան զսպելու համար: Ինչպես իրավացիորեն ասում է Մասաչուսեթս նահանգի նշանաբանը՝ «Սրով մենք ձգտում ենք խաղաղության, սակայն խաղաղության՝ միայն ազատության մեջ», - ասելէ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ղարաբաղն այսօր ունի կայացած պետության բոլոր բնորոշիչները՝ իր բոլոր ինստիտուտներով ու կառույցներով։

«Վստահ եմ, որ մեր համակարգված ջանքերի շնորհիվ կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Հարկ եմ համարում նշել, որ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցների, համայնքային կազմակերպությունների, նահանգային ու քաղաքային օրենսդիր մարմինների հայազգի անդամների շնորհիվ արդեն 7 նահանգ, այդ թվում՝ նաև, իհարկե, Մասաչուսեթսը և 2 քաղաքներ, ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևեր և որոշումներ: Շնորհակալ եմ ձեզ դրա համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ապագայում ականատես կլինենք նորանոր հաջողությունների այս ուղղությամբ», - ասել է նախագահը՝ ընդգծելով. - «Պետք է միասնական լինենք և համակարգված քայլեր ձեռնարկենք ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի կարգավորման, այլև մեր հայրենիքի տնտեսական զարգացման ու բարգավաճման ուղղությամբ»:

Նախագահի խոսքով, 2015 թվականին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ ստանալով ազատ մուտք դեպի 170 միլիոնանոց շուկա: Անցյալ տարվա մայիսին Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որը նոր հորիզոններ է բացում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր` 77 միլիոնանոց շուկա է բացում Հայաստանի անմիջական հարևանությամբ:

«Օգտագործելով ամերիկյան բիզնես շրջանակների հետ ձեր կապերը՝ դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ամբողջությամբ չի օգտագործվում հատկապես ամերիկահայերի ներուժը, որի նպատակաուղղված ներգրավման արդյունքում, իմ խորին համոզմամբ, հաջողություններն ակներև են լինելու։ Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք, շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք երկիրը, աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք զարգացնել երկիրը: Հայաստանը ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի՝ հատկապես ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում: Ակնհայտ է նաև, որ զարգացմանը զուգահեռ՝ խոշոր ներդրումների հնարավորություն է բացվել ծառայությունների, հատկապես՝ զբոսաշրջության, առողջապահության, ֆինանսական շուկաների ոլորտներում», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ներկայացվող ներդրումային ծրագրերը, նոր գաղափարները, ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել պատշաճ հնարավորություններ ու պայմաններ։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, նախագահն ասել է, որ Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, ավերվում և թալանվում են հայկական պատմամշակութային արժեքները:

«Սա փորձություն է, որին պետք է դիմակայենք միասնաբար: Այստեղ անելիք ունենք բոլորս՝ և՛ պետությունը, և՛ սփյուռքը, և՛ մեր բոլոր համայնքները: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը մայր հայրենիքում ապաստանած՝ 20 հազարի հասնող սիրիահայերի արժանապատիվ կեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք նրանց անմիջապես քաղաքացիություն ենք շնորհում, աջակցում անվճար կրթության ապահովման, առողջական խնդիրների լուծման հարցերում, օգնում բիզնես հիմնելու և Հայաստանում հաստատվելու հարցերում: Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության համար ԱՄՆ-ի հայ համայնքը պարբերաբար կազմակերպում է հեռուստամարաթոններ ու դրամահավաքներ, և այդ նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում զգալիորեն թեթևացնել մեր հայրենակիցների առօրյա խնդիրները ոչ միայն Սիրիայում, այլև սիրիահայերին ապաստան տրամադրած երկրներում: Եկե՛ք միասնաբար օգնենք, որ նրանց հիմնական մասը հաստատվի Հայաստանում», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը փոխանցել է, որ այս տարի մեծ հանդիսավորությամբ նշվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Նախագահի խոսքով,
Անկախության 25-ամյակի շրջանակներում միջոցառումների կիզակետում են լինելու երիտասարդությունը և հատկապես անկախության սերունդը:

«Շնորհակալ եմ ձեզ՝ ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին ազգանվեր գործունեության, Հայաստանին ու Արցախին նեցուկ կանգնելու պատրաստակամության համար։ Միաժամանակ, մեծապես գնահատելի է, որ ջանք ու եռանդ չեք խնայում հայ մնալու և ապագա սերունդներին հայ դաստիարակելու համար: Մենք միասնաբար ենք կառուցում մեր հզոր Հայաստանը», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG