Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը նախագահը փաստել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:
Երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նահանգների և հատկապես Մասաչուսեթսի դերակատարությունը: նախագահը նշել է, թե Հայաստանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը և այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, Նախագահի համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար: Նախագահը նշել է, թե ուրախ է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է վկայում այն, որ 19-րդ դարավերջի համիդյան ջարդերից և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի մի ստվար մաս հաստատվեց հենց այս նահանգում: Ըստ Նախագահի, այդ մասին է խոսում նաև այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:
Նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի անկախության համար մղված պայքարում վճռական դեր կատարած Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ:
Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա և Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում, Սերժ Սարգսյանը հրավիրել է նահանգապետ Չարլի Բեյքերին Հայաստան։
Հանդիպման ավարտին աշխատանքային ճաշ է տրվել` նահանգապետ Չարլզ Բեյքերի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ: