Րաֆֆի Հովհաննիսյանը «ծայրահեղ ցինիզմ է» որակում Սերժ Սարգսյանի ելույթը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նախագահ Սերժ Սարգսյանի ուրբաթ օրվա ելույթը:

Հովհաննիսյան. - Ինքը իր ճառերը գրողների շնորհիվ փաստորեն փորձել է դատարկությունը, կեղծիքը, սուտը լցնել հանրահայտ ճշմարտություններով: Կարող եմ ասել, որ ինքը բռնազավթեց հայ ժողովրդի և Նոր Հայաստանի երազանքը իր հատվածական, շահադիտական նպատակների համար:

Ես ծայրից-ծայր, իհարկե, չեմ ընթերցել, ընդհանուր դրվագների մասին տեղյակ եմ, և կարելի է ասել, որ այնտեղ ծայրահեղ ցինիզմ է, հեգնանք է ընթերցել այդ ամբողջը: Կեղծելուց հետո այդ ընտրությունների շարքը՝ խորհրդարանական, նախագահական, հետո հանրաքվե և ունենալ այնքան ապաշնորհություն՝ իրեն հարազատ լսարանի առջև, ոչ հանրության դիմելով, այլ միգուցե նաև միջազգային հանրությանը թիրախավորելով ներկայացնելու այնպիսի հեքիաթ, որ ընդհանրապես կապ չունի մեր իրականության հետ:

Ես չեմ հոգնելու կրկնելուց, որ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ապագայի, ինքը պարզապես պետք է այլևս չլինի:

Ես, որ երբեք անձնավորված չեմ խոսել, հիմա արդեն տեսնում եմ, որ ինքը պետք է տեսնի, որ ինքը պրոբլեմի ակունքն է, և այդ ակունքը եթե թունավոր է, ինչքան էլ գեղեցիկ բառակապակցություններ շարես, պտուղը նույնպես կլինի թունավոր: Եվ ներկա դրությամբ մենք չենք կարող իրացնել մեր արտաքին քաղաքական խնդիրները՝ ինքնիշխան երկիր, ազգային շահ, Արցախ և այլն, եթե մեր ներսում թունավոր է թե՛ ծառը, և թե՛ պտուղը:

«Ազատություն»․ - Դաշնակցության հետ կոալիցիան՝ սա Ձեզ զարմացրե՞ց:

Հովհաննիսյան. - Շահադիտական-նախընտրական դաշտից է: Վերլուծաբանները կվերլուծաբանեն, լրագրողները կլրագրեն, բայց Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կտեսնի այնտեղ գործարք:

Ես պիտի չուզենայի տեսնել այդ գործարքը, որովհետև ես միշտ փորձել եմ տարանջատել Դաշնակցությունը՝ իր հարուստ անցյալով, ուրիշ շարժումներից, ուրիշ հոսանքներից: Սա դաշնակցականների խնդիրն է, և ամեն մի դաշնակցական պիտի որոշի, թե որքանով է այս քայլը, եթե ինքը ի կատար ածվի, բխում կուսակցության հիմնադիրների գաղափարախոսությունից, իդեալներից և Դաշնակցության առաքելությունից: