Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանությունները Արևմուտքին ազդակներ են փոխանցել, թե նոր Ընտրական օրենսգիրքը կազմվելու է արդար եղանակով, այսօր լրագրողներին ասաց Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Մասնավոր զրույցներում Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին ասել եմ՝ հաջորդ ընտրությունները դիտարկեք որպես հնարավորություն՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը՝ քաղաքական, ժողովրդավարական և տնտեսական առումներով: Հիմք ընդունելով իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների հետ իմ զրույցները՝ կարող եմ ասել, որ ընդհանուր հենք եմ տեսնում: Բազմաթիվ ազդակներ եմ տեսնում, որ Ընտրական օրենսգիրքը կազմվելու է շատ արդար, արհեստավարժ և պատասխանատու եղանակով»,- ասաց եվրոպացի դիվանագետը։
Սահմանադրական հանրաքվեից հետո եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների դեսպանատները մոտ մեկ տասնյակ հայտարարություններով կոչ են արել Հայաստանի իշխանություններին պատշաճ արձագանքել ընտրախախտումներին, նպաստել ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ձևավորմանը, ինչպես նաև ընտրական նոր օրենսգիրքը կազմել ընդդիմության հետ փոխհամաձայնեցված:
Ընտրական նոր օրենսգիրքը, որի վրա այժմ աշխատում են Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, խորհրդարան պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը:
Հարցին՝ եթե 2017 թվականի ընտրությունները անցնեն ընտրախախտումներով, արդյոք այն իր ազդեցությունը կթողնի՞ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, դեսպան Սվիտալսկին պատասխանեց.- «Եվրամիության օրակարգը դրական է, և հավատում ենք ու հույս ունենք, որ հաջորդ՝ 2017 թվականի ընտրությունները կանցկացվեն լավ Ընտրական օրենսգրքի հիման վրա, որը կարտացոլի ԵԱՀԿ առաջարկությունները և լայնորեն կբանակցվի Ազգային ժողովում: 2017թ. ընտրությունները ամուր, իրավական, եվրոպական հիմքերի վրա անցկացնելը լուրջ ազդակ կհաղորդի Հայաստանի հետագա զարգացմանը: Մենք դրական ենք տրամադրված»: