Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները գնահատում են նախագահի ելույթը


Միքայել Մելքումյանը նախագահի ուղերձը «նպատակային է» համարում, իսկ Լևոն Զուրաբյանը չի կարողացել այն ամբողջությամբ կարդալ՝ «նյարդերը չեն բավականացրել»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իր առաջին ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության առաջնային նպատակը նոր Ընտրական օրենսգրքի մշակումն է ու ազատ, արդար և վստահելի ընտրությունների անցկացումը: Նախագահի խոսքով, այդ ուղղությամբ իշխանություններն ակտիվորեն աշխատում են միջազգային մասնագիտական հեղինակավոր կառույցների հետ։

«Ուզում եմ շեշտել, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք, որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն»,- իր ելույթում ասել է Սարգսյանը:

Երեկ երեկոյան, իր նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, նախագահը բավական ծավալուն՝ մոտ 50 րոպեանոց ելույթ է ունեցել: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների կենսագործմանը, Հայաստանի տնտեսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հանրային պաշտոններում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ունակ են կատարել իրենց առաջադրանքը։

«Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող: Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք, սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով դատական համակարգին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ դա թելադրված լինի: Նախագահը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում նշելով՝ «Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ.... Սա չի նշանակում, որ առաջընթաց չկա, իհարկե կա, արդար աչքը շատ բան կտեսնի, բայց կրկնում եմ՝ նոր արագություն է պետք հաղորդել այս ուղիով մեր ընթացքին»:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե արդեն իսկ հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին՝ նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին: «Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել՝ ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները»,- նշել է Սարգսյանը:

Նրա ելույթին քաղաքական ուժերի տված գնահատականները տարբեր են։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում իշխանության «Այո»-ին աջակցած ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագահի ուղերձը նպատակային է համարում։ Ընդգծելով, որ դրանում արտացոլված են նաև իրենց կուսակցության առաջ քաշած հարցերը, Մելքումյանը կարծիք է հայտնում, որ իշխանությունը փորձում է դրանք լուծել։

«Իմ կարծիքով՝ հանրապետականներն, այո, արդեն ընկալել են, որ պետք է փոփոխություններ անել: Կարծում եմ՝ նրանք էլ են հասկացել, որ ծայրահեղ վիճակում է երկիրը և արմատական փոփոխություններ են պետք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը, մինչդեռ, տարակուսած է։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, թե Սարգսյանի ելույթն ամբողջությամբ չի էլ ընթերցել, նյարդերը չեն բավականացրել։ «Էդ խոսքերն ասում է, փաստորեն, էս օլիգարխիկ, կրիմինալ ռեժիմի պարագլուխը: Մի ռեժիմի, որն իր ամբողջ հանցագործ պոտենցիալը մոբիլիզացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ՝ ժողովրդի կամքը մերժելու նպատակով: Ասում է մի մարդ, որն էդ ամեն ինչը արեց սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա պնդմամբ, Սերժ Սարգսյանը անպատժելիության, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելու իրավունք չունի: «8 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ապացուցել է՝ ինչքան շատ է խոսում ինչ-որ մի վատ երևույթի մասին, որը կառավարման հետևանք է, այնքան այդ երևույթն ավելի է խորանում և դառնում է անբուժելի: Մոնոպոլիաներից էր խոսում սկզբում: Հիմա պարզվեց, որ, ասենք՝ 2007 թվականին 21 ընկերություն էին բենզին ներկրում, 2011-ին՝ արդեն 5 ընկերություն, հիմա՝ միայն մեկը»,- օրինակ է բերում Զուրաբյանը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը կյանքի չի կոչելու իր ելույթում նշված նպատակները։ «Այս պահին գործող օրենսդրությունն իրենք չեն կարողանում կիրառել: Գործող օրենսդրությամբ Հայաստանի նախագահը, եթե ինքն իրեն պատկերացնում է այդ դերում, պետք է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ուղերձ հղի հայ ժողովրդին: Մինչդեռ, տեսնում եք՝ ինչ տարբերակով է նա հանդես գալիս: Երկրորդը՝ եթե նրանք ցանկություն ունեին կյանքի կոչել ընտրական օրենսդրությունը, ապա դա պետք է կյանքի կոչեին դեկտեմբերի 6-ին:

Նաև ուզում էր համոզել, որ այդ կեղծված Սահմանադրությունը իբրև թե արդեն կարելի է կյանքի կոչել: Նա դեռ խնդիր ունի այդ Սահմանադրությունը կյանքի կոչելու, ոչ թե Ընտրական օրենսգիրք ընդունելու: Իրենցից սպասել ազնիվ, արդար, պարկեշտ վարքագիծ՝ հնարավոր չէ: Ինքը մատնանշում է, որ արատավոր երևույթները հարիր չեն հայ ժողովրդին և ներմուծված են: Որտեղի՞ց են ներմուծվել: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հայ չէ, թեպետ նա մատնանշում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Բայց դա դեռ չի նշանակում, որ ինքն օտար ազգից է և հայ չէ: Ես չեմ կարծում, որ իր իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ պարոն Լիսկան հայ չէ: Նա հայ է:

Այսինքն՝ բոլոր արատավոր երևույթները, որ կան այսօր մեր կյանքում, որն ինքը մատնանշում է իբրև օտարների կողմից ներմուծված, ես այդպես չեմ կարծում․ դրանք բոլորը հայկական են, մերն են, տեղական են: Այսինքն՝ թող ինքը խնդիրը գտնի իր մեջ․․․ այդ խարդախության, ապօրինությունների»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG