Սահմանադրական հանրաքվեն դիտարկած կազմակերպությունները պնդում են՝ 2017-ին օրինական ընտրություններ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումները հավատ չեն ներշնչում: Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրվա իր ելույթում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ընդգծել, որ դրանց «օրինականությունը ավելի կարևոր է, քան դրանց արդյունքները»:
Մինչդեռ, սահմանադրական հանրաքվեն դիտարկած «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է՝ ընդամենը 2 ամիս առաջ ընտրախախտումները կատարվում էին համակարգված, և նպատակն էլ մեկն էր՝ ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները:
«Հավատ ներշնչելու համար պետք է ունենալ որոշակի հիմքեր, բայց որովհետև այս ելույթին արդեն նախորդել է սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեն և այդ մասին բոլորն են նշում, այլ բան է, որ իսկապես դա ուղեկցվել է խայտառակ ընտրախախտումներով, ապա այդ հայտարարությունները դառնում են սին խոսքեր, դրանց նկատմամբ որևէ հավատ չենք կարող տածել, որովհետև խոսքի և գործի ակնհայտ անհամատեղություն կա: Այսինքն, այն ամենը, ինչ խոսվում էր նախագահի ելույթի մեջ, մենք տեսնում ենք դրա ճիշտ հակառակ արտացոլումը իրական կյանքում», - նշում է Տիգրանյանը:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նույնպես հետևել է հանրաքվեի ընթացքին, ընդգծում է՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում իրականում խոստովանում է՝ մինչև օրս որևէ ընտրություն ազատ և արդար չի եղել:
«Ուշագրավ է, որ իրեն արդեն ոչ թե արդյունքներն են հետաքրքրում, այլ այն, որ դրանք պիտի օրինականացնեն: Լավ էլ անցնում էին, ի՞նչ էր եղել՝ կեղծում էին տղերքը, լցոնում էին, քեզ նախագահ էին դարձնում, ուզածդ մարդկանց Ազգային ժողովի պատգամավոր էին ուղարկում: Ի՞նչ պատահեց, որ որոշեցիր հանկարծ օրինական դարձնել այդ ընտրությունները: Իսկ եթե համարում է, որ նախկինում էլ են օրինական եղել, ի՞նչ կարիք կար հայտարարել հիմա այդ մասին: Տեքստեր գրողը, ըստ էության, մատնում է իրեն», - ասում է Բարսեղյանը:
Ազատ և արդար ընտրությունների կարևորության մասին խոսելուց բացի Սերժ Սարգսյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով, թե հաջորդ խորհրդարանում որևէ կուսակցության տեղը երաշխավորված չէ:
Փորձագետները Սերժ Սարգսյանի այս խոսքերը դիտարկում են որպես նախապես տրված խոստումներից և պայմանավորվածություններից հրաժարվելու հայտարարություն:
«Երևի մարդկանց, կամ քաղաքական ուժերին, ում ժամանակին հույսեր են ներշնչել կամ խոստումներ տվել, հիմա ուղղակի խոստումներից հրաժարվելու ժամանակն է եկել», - ասում է Հերիքնազ Տիգրանյանը:
Լևոն Բարսեղյանը հավելում է․ - «Տպավորություն կա, որ ինչ-ինչ մարդկանց սին խոստումներ են տվել ժամանակին, բազարներ են արել երևի․․․ հիմա կոտրում է էդ բազարները: Այս տեսակ մտքերի է հանգեցնում այս պրիմիտիվիստական միտքը: Իսկապե՞ս ուրիշ բան չկա ասելու, ի՞նչ ես բացատրում: Կամ, եթե ինչ-որ մեկը եկել քեզանից պատգամավորական մանդատ է ուզել, կաբինետում իրեն ասա՝ չեմ տալիս, էլի, երաշխավորված չէ: Կուսակցություններին կամ օլիգարխներին կամ քվազիօլիգարխներին հրապարակավ հաթաթա՞ ես տալիս: Գուցե գնե՞րն ես թանկացնում, մտածե՞լ ես էդ մասին, Սերժ Սարգսյան: Ինձ թվում է, որ իսկապես, երևի, գին է խփում, որովհետև տեղերը սահմանափակվել են»:
Առաջիկա ընտրությունների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց՝ հորդորելով կուսակցություններին մոռանալ ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ օրենք է խախտում:
«Ամեն կուսակցություն ինքն է որոշում՝ երբ սկսել քարոզչությունը, երբ իր մասին տեղեկատվություն տարածել: Դա չպիտի լինի մի ղեկավարվող կենտրոնի կողմից: Օրենքում գրված է բոլորովին այլ բան, նախագահը հորդորում է ցուցաբերել զսպվածություն, այսինքն՝ քաղաքական ինչ-որ սահմանափակումներ»:
Գնահատելով շուրջ 50 րոպեանոց ելույթը՝ փորձագետները պնդում են՝ Սերժ Սարգսյանն իրականում մեկ նպատակ էր հետապնդում:
«Ես գոնե հասկացա այսպես, որ՝ Հանրապետական կուսակցությունը կա, նրա ղեկավարը կա, նա մտադրություն չունի որևէ կերպ թողնել իշխող կուսակցության լծակները: Մեսիջը մեկն էր՝ ես մնում եմ և շարունակում եմ մեր առաքելությունը», - ասում է Հերիքնազ Տիգրանյանը:
«Ես երկու բան կնշեի: Մեկը՝ ես տպավորություն ունեմ, որ ինքը փորձում է ջրել սահմանադրական հանրաքվեի կեղտը, որ սարսափելի հաստությամբ նստել է իր և իր ապարատի վրա: Երկրորդը՝ ինձ թվում է, որ հաթաթայի իմաստ ուներ: Ինչ-որ համընդհանուր հայտարարություն-հռչակագիր, որ՝ չմտածեք, թե ես գնում եմ, պարոնայք: Ես մնում եմ», - մեկնաբանում է Լևոն Բարսեղյանը: