Նիստից հետո Թաթոյանն անպատասխան թողեց լրագրողների որոշ հարցեր․ օրինակ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, կամ պատրա՞ստ է դիմակայել իշխանական ճնշումներին:
Գերադասեց միայն համոզմունք հայտնել․ - «Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել, և քաղաքացու կողքին՝ օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան»:
Նախորդ պաշտպանի՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականը մամուլը պայմանավորեց նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ ունեցած հակասություններով: Կողմերը, ի դեպ, մինչև այժմ չեն հերքել այդ հրապարակումները:
Արման Թաթոյանն այսօր պնդեց, թե ինքը Միքայել Մինասյանի թիմակիցը չէ․ - «Ես պարոն Մինասյանին չեմ ճանաչում անձամբ, առիթ չի եղել շփվելու»:
Նրա փոխանցմամբ, օմբուդսմենի թեկնածու դառնալու առաջարկը ստացել է խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրենց թեկնածուի մասին ասաց․ - «Այդքան էլ զենքերը վայր դնող չէ, որ ճնշումների, քննադատությունների արդյունքում նա հիասթափվի և հրաժարական տա»:
Բաղդասարյանն ասաց, թե խորհրդարանական այլ խմբակցությունների հետ Թաթոյանի թեկնածության հարցով առայժմ չեն բանակցի․ - «Եթե հանձնաժողովը կհաստատի Արման Թաթոյանին, այդ դեպքում թեկնածուն պետք է որ հանդիպի նաև այդ խմբակցությունների հետ: Բայց մինչև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը ես իմաստ չեմ տեսնում, որ մենք խորհրդակցենք կամ բանակցենք խմբակցությունների հետ»:
Դաշնակցական Աղվան Վարդանյանին Թաթոյանի «դեմքը ծանոթ է», բայց նրան անձամբ չի ճանաչում: Փոխնախարարի, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը սատարել-չսատարելուն վերաբերող հարցին Վարդանյանը չշտապեց պատասխանել․ - «Ես Զարուհի Փոստանջյանին անձամբ խոստացել եմ, որ եթե իր անունը գա պառլամենտ, ես իրեն կողմ եմ քվեարկելու: Մնում է օգնեք, որ գա պառլամենտ․․․ Ես անձամբ եմ խոստացել, ես կանանց անձամբ եմ խոստումներ տալիս»:
Հայ ազգային կոնգրեսը ևս դեռ որոշում չունի: Անձամբ Լևոն Զուրաբյանը կողմ է Փոստանջյանի թեկնածությանը․ - «Մենք ավելի շատ հակված ենք չմասնակցել այդ գործընթացին: Բայց վերջնական որոշումը, բնականաբար, կընդունենք ավելի ուշ»:
«Բարգավաճ Հայաստան»-ը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, կառաջադրի կուսակցության քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը․ - «Միգուցե այս պահին Մակարի անունը ձեզ շատ բան չի ասում, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ իսկապես շատ պրոֆեսիոնալ երիտասարդ է, շատ լուրջ փորձառություն ունի, միջազգային կառույցներում աշխատած»:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պաշտպանի թեկնածուների դիմումներ դեռևս չեն ստացել: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը երեքշաբթի 18.00-ն է: Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, հանձնաժողովը կորոշի, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խորհրդարանին: