Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ ընդդիմադիր ուժը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարց չի քննարկել։ Չասաց՝ արդյոք անձամբ իրեն առաջարկվե՞լ է այդ պաշտոնը, թե՞՝ ոչ, փոխարենը մեր հարցին՝ արդյոք իրեն տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, պատասխանեց.- «Ես ինձ երբեք նույնիսկ չէի տեսել կամ չէի տեսնում Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում, բայց հիմա տեսե՛ք՝ ես ԱԺ պատգամավոր եմ։ Էլի տարբեր դերերում չեմ տեսել, կյանքը պարտադրել է։ Լա՛վ եղեք»։
Այլ հարցերի Ջհանգիրյանը խուսափեց պատասխանել։
Իշխող Հանրապետականում ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանին այդ պաշտոնում տեսնում են։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախկին զինդատախազ Ջհանգիրյանը մարդու իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ փորձ ունի։
«Ես գնահատում են, որ կան բավականին լուրջ հնարավորություններ՝ նրա պրակտիկ, բազմամյա փորձը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ընդհանուր առմամբ»,- ասաց Բաղդասարյանը։
Իշխող կուսակցությունը առայժմ խուսափում է անուն նշել, բայց հայտարարում է, որ ապագա օմբուդսմենը պետք է «տարիքով լինի և անհրաժեշտ փորձ ունենա»։ Վահրամ Բաղդասարյանը այս չափորոշիչներին շտապեց ավելացնել ևս մեկը՝ թեկնածուն պետք է հրաժարվի իր քաղաքական հայացքներից և դուրս գա կուսակցությունից։
«Իհարկե, եթե լինի քաղաքական կամք, որ մարդու իրավունքների պաշտպանը, որը անցյալում ունեցել է որևէ հակումներ, հրաժարվի իր բոլոր այդ մոտեցումներից և գնա որպես չեզոք անձնավորություն, հավասարապես պահպանի մարդու իրավունքները՝ բոլորի, այդպես էլ կարելի է, բայց լուրջ քաղաքական կամք է պետք այդտեղ, որ հրաժարվի իր անցյալից և քաղաքական մոտեցումներից»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Բաղդասարյանի խոսքով՝ եթե Ջհանգիրյանը նման ցանկություն ունենա, նրա թեկնածությունը կքննարկվի։ Ավելի վաղ հանրապետական Հովհաննես Սահակյանն էր «Ազատության» հետ զրույցում ասել, որ ապագա օմբուդսմենը պետք է կառուցողական տրամադրված լինի։
«Մենք պետք է այս մարդու իրավունքների պաշտպանի մոտեցումներով, դեմքով, տեսակով փորձենք ձևավորել մի մոտեցում, որ անցել են էն ժամանակները, որ ընդդիմադիրը պետք է անպայման ամենավատ գույներով սևացնի, որ դառնա ընդդիմություն, մարդու իրավունքների պաշտպանը ամեն տեղ պետք է մարդու իրավունքների ոտնահարում գտնի, որ լինի լավ մարդու իրավունքների պաշտպան․․․ Մենք պետք է հասկանանք, որ եկել է մի ժամանակ, որ կոնկրետ կառուցողական գործ է պետք անել»,- ասել էր Սահակյանը։
Դաշնակցությունում պնդում են, որ իրենք էլ օմբուդսմենի թեկնածուներ ունեն, բայց անուններ դեռ չեն բարձրաձայնում, Ջհանգիրյանի հնարավոր թեկնածությունն էլ չեն մեկնաբանում։
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, քննադատում է երկար տարիներ դատախազությունում աշխատած Ջհանգիրյանի թեկնածությունը՝ հիշեցնելով աղմկահարույց Մատաղիսի գործն ու մեղադրանքները զինվորներից կտտանքներով կորզված ցուցմունքների մասին։
«Եթե խոսում ենք այդպիսի կարողությունների մասին, կարծում եմ՝ ինքը ավելի լավ մրցակիցներ ունի, և այդ մրցակիցների թվում ես կհիշատակեմ պարոն Աղվան Գառնիկովիչին՝ ինքը ավելի փորձառու է և նույնպես ունի տարիքի հետ կապված փորձառություն։ Իսկ միգուցե Գորիկ Գուրգենիչը ամենալավ թեկնածո՞ւն է այդ համատեքստում»,- ասաց Փոստանջյանը։
Գագիկ Ջհանգիրյանի այսօրվա հարցազրույցին ծանոթանալուց հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մոտ հարցեր առաջացան. գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո կարծիք հայտնեց, թե առաջարկի դեպքում Ջհանգիրյանը կմերժի այն։
«Մոռացեք, էդպիսի բան չկա։ Վստահ եմ՝ չի լինի։ Առավել քան վստահ եմ՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ չի գնա այդպիսի որևէ անգամ քննարկումների։ Սա իմ մոտեցումն է, և կառաջարկեի այդ թեման փակել, եթե դա հնարավոր է, որ էդ առաջարկը իրականություն դառնա», - հայտարարեց Մանուկյանը։