Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը նախընտրում է օմբուդսմենի պաշտոնում տեսնել իրավապաշտպանի


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ Հանրապետականն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուներ:

Երեկվանից, հիշեցնենք, վաղաժամկետ դադարեցվել են հրաժարական տված օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի լիազորությունները:

«Ազատության» հետ զրույցում, սակայն, Սահակյանը նախընտրեց անուններ չտալ․ - «Կոնկրետ թե ում կառաջադրի, այս պահին կդժվարանամ ասել»:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին հավակնողի չափանիշները նրա համար հստակ են․ - «Նախևառաջ պետք է լինի մարդ, լավ մարդ: Պետք է լինի որոշակի հեղինակություն ունեցող մարդ, որի խոսքը լինի ծանրակշիռ»:

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, կուսակցության խոսնակ Վահան Բաբայանի խոսքով, թեկնածություններ չի քննարկել․ - «Կարծում եմ, որ պետք է լինեն թեկնածուներ, նոր մենք քննարկենք, թե տվյալ մարդիկ ինչքանով են համապատասխանում այն պահանջներին, որը դրված է Մարդու իրավունքների պաշտպանի այդ բարձր լիազորությունները ունեցող անհատի հատկությունների և փորձառության հետ»:

Պատգամավորները պերճախոս չեն, մամուլը, մինչդեռ, հասցրել է օմբուդսմենի պաշտոնում մի շարք օրենսդիրների՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանի (ՀՀԿ), ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի (ՀԱԿ) անունները շրջանառել:

Կարեն Բեքարյանը «Ազատության» հետ զրույցում չհստակեցրեց՝ իրեն առաջարկե՞լ են զբաղեցնել այդ պաշտոնը, թե՞ ոչ: Ավելի վաղ Բեքարյանն ասել էր, թե այդօրինակ խոսակցություններին լուրջ չի վերաբերվում․ - «Ես դա մեկնաբանել եմ ու էլ չեմ ուզում դրա հետ կապված որևէ լրացուցիչ բան ասեմ»:

Վահան Բաբայանի կարծիքով, մամուլում շրջանառվող թեկնածուների մեջ կան արժանավորները․ - «Չեմ պատկերացնում, որ նախկին զինվորական դատախազը կարողանա Մարդու իրավունքների պաշտպան աշխատի․․․ Թևան Պողոսյանի և Կարեն Բեքարյանի վերաբերյալ ես, իհարկե, բացասական բան չեմ կարող ասել, որովհետև իրականում իրենք կարող է և համապատասխանեն այդ պաշտոնին»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նախընտրում է օմբուդսմենի պաշտոնում տեսնել իրավապաշտպանի․ - «Նման անձինք Հայաստանի Հանրապետությունում իհարկե կան, բայց ես չեմ կարծում, որ նրանք գտնվում են Ազգային ժողովում: Այդ թեկնածուները իրոք զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ․․․ Իմ լավագույն ընկերներից Ավետիք Իշխանյանը, Հայկ Ալումյանը, տիկին Ալավերդյանը և այլն: Շատ են»:

Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն ունի, որ իր թվարկած թեկնածուները իշխող մեծամասնության սրտով չեն լինի․ Հանրապետականը կնախընտրի օմբուդսմենի պաշտոնում տեսնել «կանխատեսելի ու հնազանդ մարդու»․ - «Եթե մենք հաշվի առնենք, որ մեր մեծամասնության ճաշակին համապատասխանում են անձինք, ովքեր որ նույնիսկ բռնության կոչեր են տարածում կամ բռնություն են իրականացրել, ապա չեն համաձայնվի: Խորհուրդս այն է, որպեսզի նրանք փոխեն իրենց նաև ճաշակը, ցանկությունները և իրապես ընդգրկեն այնպիսի անձի, ով որ ներկայացնում է իրավապաշտպան դաշտը»:

Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանի ընտրությունը խորհրդարանը կկազմակերպի փոփոխված Սահմանադրությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանության, կա՛մ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ:

Հստակ չէ, սակայն, հանձնաժողովում թեկնածուի ընտրության կարգը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ հարցը կհստակեցվի փետրվարի 1-5-ը նախատեսված լիագումար նիստի ընթացքում․ - «Քանի որ որոշակի փոփոխություններ ենթադրում է իրավական ակտերում, մենք պետք է այդ ամբողջը կազմակերպենք, կարգավորենք և գնանք առաջ, որպեսզի օրենքի տառին, ոգուն համապատասխան իրականացնենք»:

XS
SM
MD
LG