Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ նա կմնա Հայաստանում որոշում կայացնողների թվում՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց նախագահի եղբայրը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:
«Կարծում եմ՝ կուսակցական գործունեությամբ կզբաղվի», - նշեց Լևոն Սարգսյանը, - «Եթե ինքը կուսակցության ղեկավարն է, և ինչպես ասացի՝ կուսակցական գործունեությունը կշարունակի, իհարկե քաղաքականության մեջ կմնա»:
«Ազատության» հարցին՝ դա արդյո՞ք նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա երկրում որոշում կայացնողների թվում, նախագահի եղբայրը պատասխանեց․ - «Եթե Հանրապետական կուսակցությունը երկրում լուրջ դերակատարություն ունենա, նշանակում է՝ կուսակցության միջոցով իհարկե կունենա»:
Նոր Սահմանադրությամբ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է՝ վարչապետին տրված առավել լայն լիազորություններով: Դիտորդները չեն բացառում, որ նախագահության երկրորդ ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կարող է իր ձեռքում պահել իշխանության լծակները՝ ընտրվելով խորհրդարանի ղեկավար կամ պարզապես պահպանելով ՀՀԿ ղեկավարի աթոռը:
«Ես ինչքան գիտեմ՝ ինքը բազմիցս է հայտարարել, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու», - այս առնչությամբ ասաց Լևոն Սարգսյանը: «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ որոշումը փոխվի, նախագահի եղբայրը պատասխանեց․ - «Կարծում եմ, որ ոչ: Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև որոշումները փոխվում են ըստ հանգամանքների: Եթե հանգամանքները փոխվում են, որոշումները փոխվում են»:
Գրեթե երկու տարի առաջ՝ 2014թ․ ապրիլին, երբ սահմանադրական փոփոխության գործընթացը դեռ նոր էր մեկնարկել, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը հայտարարեց․ - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:
Բաց էր մնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի հարցը, սակայն անցած տարվա հուլիսին՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում վստահեցրել է՝ չի առաջադրվի նաև խորհրդարանի ղեկավարի պաշտոնին:
Այնուամենայնիվ, այդքանով հարցը չփակվեց, որովհետև իշխող Հանրապետականի ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, որ նախագահ Սարգսյանը 2018թ․-ից հետո չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
Սահմանադրական հանրաքվեից ընդամենը օրեր առաջ՝ ասուլիսի ընթացքում, Սերժ Սարգսյանը այդպես էլ չհստակեցրեց՝ ի վերջո, նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու, զբաղեցնելո՞ւ է արդյոք վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կամ նախագահի պաշտոնը:
«Դրա մասին կխոսենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա շատ վաղ է դրա մասին խոսելը», - ասաց Սերժ Սարգսյանը: