Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը չի հստակեցնում՝ ինչով է զբաղվելու 2018-ից հետո


Սերժ Սարգսյանը պատասխանում է հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցերին, 2-ը դեկտեմբերի, 2015 թ․
Սերժ Սարգսյանը պատասխանում է հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցերին, 2-ը դեկտեմբերի, 2015 թ․

Նախագահը հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում՝ ի վերջո, 2018 թվականին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու, զբաղեցնելու է վարչապետի՞, Ազգային ժողովի նախագահի՞, թե նախագահի պաշտոնը:

Նախօրեին հայաստանյան հեռուստաընկերություններին տված ծավալուն հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ եթե հանրաքվեից հետո անցնենք երկրի ղեկավարման խորհրդարանական մոդելին, ապա ինչո՞վ եք զբաղվելու՝ Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Նախ պետք է ասեմ, որ ես ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել՝ նախկին Նախագահ»:

Լրագրողի դիտարկմանը՝ «իսկ երեք տարին լրանալուց հետո՞», Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց․ «Դա արդեն այլ բան է: Իսկ դրա մասին ես կարծում եմ՝ կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, և այս կարևոր թեման, չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի թեմայի հետ»:

Սերժ Սարգսյանը իր քաղաքական ապագային վերաբերող՝ մեկ այլ լրագրողի նույնաբովանդակ հարցին կրկին անորոշ պատասխան տվեց, պնդելով, թե հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, և դրան կանդրադառնա հաջորդ խորհդարանական ընտրություններից հետ: «Ես ինչո՞ւ եմ ասում 2017 թվականից հետո, որովհետև լրջորեն խոսել վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես՝ Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»:

«Հիմա հրաժարվու՞մ եք ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ և ԱԺ նախագահ»,- այս հարցին ի պատասխան, նախագահը նշեց․ «Ոչ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը, խառնել մեկ այլ գործի հետ: Սա է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում»:

Նկատենք՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ մի հարցում հստակություն մտցնում է՝ մինչ իր լիազորությունների ավարտը նա շարունակելու է պաշտոնավարել իբրև երկրի նախագահ: «Չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ մինչև 2018 թվականը, ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա վարչապետ, նախագահ և այլն»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով ընդդմիության ճամբարից հնչող այն պնդումներին, որ եթե նույնիսկ չստանձնի վարչապետի պաշտոնը, բայց լինելով իշխող կուսակցության նախագահ և վերահսկողություն ունենալով Ազգային ժողովի մեծամասնության նկատմամբ, կարող է հանգիստ վերահսկել նաև կառավարությունն ու, փաստորեն, պաշտոն չունենալով՝ կուսակացության գրասենյակից ղեկավարել երկիրը՝ Սերժ Սարգսյանն ասաց․

«Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե գիտե՞ք, ամեն ինչ չափ ունի: Բայց ի՞նչն է խանգարում իրենց՝ գնալ և մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երևանում նստել և, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել, կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչն առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու»:

Խոսելով սահամանադրական փոփոխությունները քննադատողների հիմնական մտահոգություներից մեկի՝ կայուն մեծամասնության ձևավորման դրույթի մասին, Սերժ Սարգսյանը նշեց․ «Նախ, պետք է ասեմ, որ սպեկուլյացիայի մեծ մասը կապվում է Սահմանադրության հենց այդ հոդվածի հետ: Բայց ես անկեղծորեն եմ ասում՝ դեռևս որևէ հստակ մոտեցում Ընտրական օրենսգրքի նկատմամբ չկա: Բայց կայուն մեծամասնություն, չի նշանակում պարտադիր՝ երկրորդ փուլի անցկացում: Երկրորդ փուլի անցկացումը հնարավորություններից մեկն է: Ինչպես պատկերավոր ասաց հանձնաժողովի անդամներից մեկը՝ պահեստային տարբերակ է: Եվ ինչո՞ւ են կայուն մեծամասնությունից խուսափում: Իսկ ի՞նչ ու ինչպե՞ս անենք, որ կայունություն լինի երկրում»:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, թե վտանգ է տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իր պարտքն է համարում բարձրաձայնել այդ վտանգի մասին: Նախագահը հետևյալ օրինակը բերեց՝ մի պահ պատկերացնենք, որ 2012-ի խորհդարանական ընտրություններում հաղթել է «Ժառանգություն»-ը, որը ձևավորել է իր կառավարությունը, նշանակել՝ իր վարչապետին:

«Հիմա ենթադրենք՝ այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է: Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և, համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել: Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև եթե դու պաշտոնապես ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»,- պարզաբանեց Սերժ Սարգսյանը:

Ասվածն ավելի պատկերավոր ներկայացնելու համար, նախագահը մեկ այլ օրինակ բերեց, դարձյալ՝ «Ժառանգություն» կուսակցության վերաբերությամբ: Այս անգամ նա վկայաբերեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ այս տարվա մայիսին Ազգային ժողով ներկայացրած օրինագիծը, որով Հայաստանը Թուրքիայից պահանջում է Արևմտյան Հայաստանի տարածքները:

«Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային: Եվ պատասխանատվությունն այդ դեպքում ու՞մ վրա է: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամաբանակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները սուր քննադատության ենթարկած Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, նշելով, թե դրանք «մերկապարանոց մեղադրանքներ են»: Հիշեցնենք՝ առաջին նախագահն ասել էր, թե այս գործընթացով Սերժ Սարգսյանը ցանկանում է հաղթահարել գործող Սահամանդրությամբ նախատեսված՝ նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքը, իսկ 2-րդ նախագահը պնդել էր, թե փորձ է արվում իշխանությունը կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում :

«Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել»,- հակադարձեց Սերժ Սարգսյանը:

Շուրջ 2 ժամ տևած հարցազրույցում Սերժ Սարգսյանը, սահմանադրական փոփոխություններից բացի, անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված և վնասազերծված խմբին՝ քննադատելով բոլոր նրանց, ովքեր կասկածանքով են վերաբերվում իրավապահների կողմից իրականացված այդ բացահայտմանը:

«Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր «հոկտեմբերի 27», կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG