«Ազատության» հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ իրենք սկզբունքորեն ընդունել են իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ-ի առաջարկը: Թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների ջատագովն էին:
«Հանրապետության նախագահն է որոշում՝ ում հետ բանակցել: Դա մեր որոշելիքը չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը՝ փոխանցելով, այդուհանդերձ, հրավեր ստանալու դեպքում քննարկումների մասնակցելու կուսակցության պատրաստակամությունը:
«Մեր կարծիքը և մեր գործունեությունը ավելի հստակ և պարզ կլինի մոտակա օրերին», - հավելեց նա:
ԲՀԿ-ի խոսնակն ասաց, որ եթե կոալիցիայի մաս կազմելու առաջարկ լինի, անձամբ ինքը դրական է վերաբերում այդ գործընթացներին:
Հարցին՝ կոալիցիայի շուրջ քննարկումները խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո պիտի լինեն, Բաբայանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ՝ առաջ: Որովհետև այն ուժերը, որոնք Սահմանադրությանը կողմ են քվեարկել, ճիշտ կլինի, որ այսօր կոնսոլիդացված առաջ շարժվեն, իրականացնեն այդ փոփոխությունները, և կարողանանք իրականում ի նպաստ մեր երկրի ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի փոփոխություններն ավելի ակնառու լինեն, և մենք էլ մասնակից լինենք այդ փոփոխություններին: Դա իմ անձնական կարծիքն է: Կուսակցության նմանատիպ որոշում մենք չունենք, քանի որ չունենք նաև նման առաջարկ»:
Կոալիցիա կձևավորվի, թե համագործակցության համաձայնագիր կկնքվի, ըստ Բաբայանի, տեխնիկական հարց է:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, եթե իշխանությունը Հայաստանում լեգիտիմ լիներ, այս փուլում որևէ կուսակցության կոալիցիա կազմելու առաջարկ չէր անի: Ժողովրդավարական երկրներում, ընդդիմադիր պատգամավորի ձևակերպմամբ՝ կոալիցիաները ձևավորվում են ընտրություններից հետո:
«Հանրապետական կուսակցությունն այսօր իր ազդեցությամբ առանց որևէ կոալիցիա կազմելու, մոտավորապես երկու երրորդը պառլամենտի տիրապետում է: Հարց է ծագում այդ դեպքում՝ ինչո՞ւ համար են կազմում կոալիցիա․․․ Իշխանությունը ինքը գիտակցում է իր լեգիտիմության պակասը և փորձում է այն փոխհատուցել, կոմպենսացնել նման գործարքներով: Իբր նման կոալիցիաները կստեղծեն, իրենց կարծիքով, ժողովրդի ընկալման մեջ ավելի լեգիտիմ պատկեր»:
Զուրաբյանը կանխատեսեց, թե խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության հետ կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների վարկանիշը ընկնելու է․ - «Կերակրատաշտից օգտվելու և ապագա ընտրություններում ընտրակեղծարարության մի մաս կազմելու և սեփական կուսակցությունների համար մի քանի մանդատի հարց լուծելու խնդիր է»:
Ընդդիմադիր «Ժառանգության» ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ հնարավոր կոալիցիայի ձևավորումը սահմանադրական փոփոխություններից առաջ «Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ֆոտոսեսիայի» գործնական արտահայտությունը կլինի․ - «Ովքեր որ գնացին, գնում էին պայմանավորվելու: Եվ պայմանավորվում էին հենց այդ հարցերի շուրջ: Ինքը ասում էր՝ ես եմ որոշումներ կայացնողը, ինձանից է կախված, ես չեմ պատրաստվում հեռանալ, երկու տարի անց էլ ես մնալու եմ, հետևաբար դուք գործ պետք է ունենաք ինձ հետ: Եվ դրանով Սերժ Սարգսյանը նաև նրանց, ովքեր հավակնում են լինել ժառանգորդ, նրանց էլ էր հասկացնում, որ ինքը չի պատրաստվում գնալ, ինքը նաև կարող է վերահսկել, պայմանավորվել բոլորի հետ, ովքեր կան քաղաքական դաշտում, և բոլորը սպասարկելու են հենց իրեն»: