Րաֆֆի Հովհաննիսյան․ Այդ կուսակցապետությունը չի լինելու

Կեսօրին հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսին «Ժառանգության» առաջնորդը հայտարարում էր՝ անգամ իշխանական ճնշումները չեն կասեցնելու իրենց շարժումը:

Երեկվա հանրահավաքի մթնոլորտը ընդդիմադիրներին ոգևորել է: Կեսօրին Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված հայտարարում էր՝ անգամ իշխանական ճնշումները չեն կասեցնելու իրենց շարժումը:

«Փակված ճանապարհներ, շենքերի պաշտպանություն ծաղկեպսակից՝ և հետո խոսում են Սահմանադրության իրավաչափության, դեմոկրատական ժողովրդավարական արժեքներից: Դա բարի ճանապարհ է, դա հրաժեշտ է», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Իրավապահների հետ քաշքշուկից հետո «Ժառանգության» առաջնորդը չի հրաժարվել իշխող կուսակցության գրասենյակի առջև ծաղիկներ դնելու մտքից․ - «Նկատողություն կա, որ դրանք պետք է մեխակ լինեին, ոչ թե վարդեր: Սխալվել ենք: Այդ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ են, որովհետև այդ կուսակցապետությունը, որ ուզում են ամրագրել արդեն կեղծ, կասեցված հանրաքվեով և փոխարինել Հայաստանի Հանրապետությունը իրենց կուսակցապետությամբ, չի լինելու»:

«Նոր Հայաստանը» պատրաստվում է երեկոյան հանրահավաքի, լինելու են նաև անհնազանդության գործողություններ: «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն անպատասխան թողեց ոստիկանությունից իրեն ուղղված սթափության կոչը․ - «Ես այդ գլխավոր սթափության կոչ անողին արհամարհում եմ: Ժողովրդի հետ միասին, ինչպես երեկ, պիտի ճնշել հակառակորդին, պիտի հիշեցնել, որ մինչև ամսի 6-ը պիտի կասեցվի այն, ինչ մտադրություն որ նրանք ունեն»:

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը շարունակում է՝ հանրաքվեն տապալելուց հետո պետք է դրվի իշխանափոխության հարցը․ - «Ապալեգիտիմացնելով հանրաքվեն՝ ճանապարհ է բացվում երկրորդ քայլի համար, որը այս հանցավոր ռեժիմի հեռացումն է: Դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են»:

Գիշերը հրապարակում լուսացրել են տասնյակ մարդիկ, միջադեպեր չեն արձանագրվել, վրաններ տեղադրելու հարցը քննարկելու են երեկոյան, սակայն քաղաքապետարանից թույլտվություն չունեն: