Մատչելիության հղումներ

Հրմշտոց՝ ՀՀԿ գրասենյակի մոտ


Ազատության հրապարակում այսօր անցկացված հանրահավաքի ավարտին «Նոր Հայաստան» շարժումը երթով անցավ Երևանի կենտրոնով և հասավ Մելիք-Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը:

Այստեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն շենքը շրջափակած ոստիկանները թույլ չտվեցին դա անել: Սկսվեց հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև, ապա, շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, ցուցարարները մի փոքր նահանջեցին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց «սադրանքի չգնալ» և ծաղիկները այլ օր փոխանցել գրասենյակ:

Երթի մասնակիցները որոշեցին նույն երթուղով վերադառնալ Հանրապետության հրապարակ, սակայն Ոստիկանությունը թույլ չտվեց երթը շարունակել այն մեքենայի ուղեկցությամբ, որում երթի մասնակիցների բարձրախոսներն էին: «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, բարձրանալով այդ մեքենայի վրա, կոչ արեց երթի մասնակիցներին հավքվել մեքենայի շուրջ:

«Սա ևս մի անգամ ցույց է տալիս, թե որքան ապաշնորհ կառավարում կա Հայաստանում: Ծաղիկներից վախենում են, դինամիկներից վախենում են: Ոչ մի իրավական նորմ չասվեց, թե ինչու մենք չենք կարող դինամիկները տեղափոխել մեզ հետ», - ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Ցուցարարները դեռ Հանրապետության փողոցում են: Այստեղ պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվում ոստիկանների և նրանց միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG