Հասարակության գերակշռող մասն այսօր իրականում ընտրում է փոփոխությունների ճանապարհը և չի ուզում ապրել նույն իրավական վիճակում, որը եղել է գործող Սահմանադրության ժամանակ։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Վահան Բաբայանը։
ԲՀԿ-ի քարոզարշավն արդեն ավարտական փուլում է գտնվում։ Վահան Բաբայանի խոսքով, ԲՀԿ անդամներն այցելել են գրեթե բոլոր մարզեր ու Երևանի վարչական շրջաններ։
«Մարզերը, կարելի է ասել, ավարտել ենք արդեն։ Տպավորությունները տարբեր են լինում, այսինքն՝ տարբեր տեղեր տարբեր գնահատականներ են հնչում։ Գերակշիռ մասը, բնականաբար, «այո» է ասում, և դա ինչ-որ արտառոց բան չէ։ Իհարկե, «ոչ» ասողներ էլ կան, քվեարկողներ էլ կլինեն, բայց գերակշիռ մասը հասարակության այսօր իրականում ընտրում է փոփոխությունների ճանապարհը, որովհետև բոլորն էլ ուզում են փոփոխություն, չեն ուզում ապրել նույն իրավական իրավիճակում, որը եղել է գործող Սահմանադրության ժամանակ», - ասաց ԲՀԿ խոսնակը։
Դեռ մեկ տարի առաջ «Բարգավաճ Հայաստան»-ը «ոչ» էր ասում սահմանադրական փոփոխություններին, հիմա արդեն «այո»-ի դիրքերից է հանդես գալիս։ Հարցին՝ կարելի՞ է ասել, որ եթե «այո»-ն պարտվի, դա ԲՀԿ-ի համար ցավալի պարտություն չի լինի, Բաբայանը պատասխանեց. - «Ոչ, նման բան չկա։ Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը ինչ-որ մի պայքարի մեջ մտնում է, և՛ պարտությունը, և՛ հաղթանակը իր համար պետք է լինի ցավալի։ Այսինքն, մենք պետք է պատասխանատվություն կրենք այն բաների համար, որի համար մենք պայքարում ենք։ Եվ յուրաքանչյուր պահի, իմացեք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է կրել պատասխանատվություն իր ասած յուրաքանչյուր բառի համար»։
Բաբայանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն դեմ չի եղել խորհրդարանական կառավարման համակարգին, դեմ չի եղել համամասնական 100-տոկոսանոց համակարգին, այլ դեմ է եղել այդ ժամանակ, այդ պահին սահմանադրական բարեփոխումների անցկացմանը։
«Բայց այս պահի դրությամբ, հայտնի իրադարձություններից հետո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը պարզ է դարձել, երբ որ եղավ նախագիծը, երբ որ քննարկումներ տեղի ունեցան և ընդունվեցին այն առաջարկները, որոնք «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր։ Մենք ունեցանք նոր Սահմանադրության հետ համատեղ, նոր Սահմանադրության նախագծին առաջարկելու և համատեղ աշխատելու առաջարկ և հնարավորություն։ Ուրեմն մեզ համար, ես կարծում եմ, որ դեկտեմբերի 6-ի տարած հաղթանակը, այսինքն՝ «այո»-ն, լինելու է ոչ միայն «Բարգավաճ Հայաստան»-ի, Հանրապետական կուսակցության, Դաշնակցության, այլև մեր ամբողջ ժողովրդի հաղթանակը», - հայտարարեց ԲՀԿ խոսնակը։