Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը կյանքի ու մահու կռիվ չէ


Հայաստան -- Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2015թ․
Հայաստան -- Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

«Պարզապես մարդիկ փորձում են դա օգտագործել իրենց կրքերը ամբողջացնելու համար», - կարծում է ԱԺ նախագահը:

«Հեղափոխությունը սկսված է, հայտարարեցին նաև՝ երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշխաններին չտեսանք», - այսօր այսպես արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությանը, թե «հեղափոխությունը սկսվել է»:

Երևանի Ազատության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի ավարտին «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարեցին անժամկետ նստացույց ու անհնազանդության գործողություններ սկսելու մասին:

Հանրապետական Գալուստ Սահակյանը «շատ բնական» է որակում այն ամենը, ինչը «օրենքի շրջանակներում է»: Լրագրողներից մեկի հարցին՝ «Մարտի 1-ի դեպքերի կրկնություն այս դեպքում հնարավո՞ր է», պատասխանեց․ - «Մարտի 1-ին ավելի ամուր քաղաքական գործիչներ էին և գիտեին՝ որ մասում ինչպես սկսեին և ինչ արդյունքներ կամ ոչ արդյունքներ ձևավորեին: Այս ուժը ավելի շատ քաղաքացիական շարժում է, քան քաղաքական»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև իրենց կուսակցության գրասենյակի առջև ծաղկեփունջ դնելու փորձերին։ Նախաձեռնությունը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, այն կանխեցին շենքը հսկող ոստիկանները։

«Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաներում: Կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել: Իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ մոտեցումը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա՝ երկրների նախագահները, խորհրդարանի նախագահները և վարչապետներն են դնում, որը ավելի մեծ բովանդակություն է ստանում», - մեկնաբանեց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը հավաստիացնում էր՝ կյանքը չի ավարտվի, եթե Սահմանադրության փոփոխությունները չընդունվեն: Այս միտքը տարբեր ձևակերպումներով ԱԺ նախագահը կրկնեց մի քանի անգամ։

«Չի նշանակում, որ դա կյանքի ու մահու կռիվ է, որ այսպես անենք, որ՝ «ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին»: Թե ո՞ր ռեժիմին, ի՞նչ ռեժիմին: Իշխանությունները ինչո՞ւ պիտի ամեն գնով «այո» անեն: Եթե կընդունվի՝ լավ, եթե չի ընդունվի՝ կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես մարդիկ փորձում են դա օգտագործել իրենց կրքերը ամբողջացնելու համար», - կարծիք հայտնեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների թեմային՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց․ -«Քսան տարի է՝ ես լսում եմ ցանկացած ընտրություններից առաջ, նույնիսկ համայնքային ընտրություններից դեռ մի տարի առաջ, ասում են՝ ցուցակ են գրում, փող են բաժանում և այլն»: Լրագրողներից մեկը նկատեց, թե հենց իր տուն են եկել ցուցակներով, որպեսզի հորդորեն «այո»-ի համար քվեարկել: - «Եկել են Ձեր կարծիքը իմանան, հուշել են, որ «այո»-ի համար [քվեարկեք]: Ի՞նչ եղավ դա: Դուք գնացեք՝ «ոչ» ասեք», - խորհուրդ տվեց ԱԺ նախագահը: Երբ լրագրողն ասաց, թե նաև գումար են առաջարկել, Գալուստ Սահակյանը հակադարձեց․ - «Բա ի՞նձ ինչու եք ասում, դրա համար համապատասխան մարմիններ կան»:

ԱԺ նախագահը խոսեց նաև քարոզարշավի մասին, ասաց՝ չի կարծում, թե Հանրապետականի քարոզարշավը պասիվ էր․ - «Չեմ կարծում, որ սա Հանրապետականի բեռն էր: Սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որոնք տարիներ շարունակ պայքարում էին, որպեսզի գործի այս մոդելը: Պարզապես Հանրապետականը այս անգամ աջակից եղավ»:

Գալուստ Սահակյանը նաև ենթադրեց, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նախաձեռնողը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, նույնպես կխոսի՝ չմանրամասնելով՝ ե՞րբ և որտե՞ղ։ Քարոզարշավի ողջ ընթացքում Սարգսյանը դեռ տեսակետ չի հայտնել։

XS
SM
MD
LG