Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսաստանյան քաղաքացիական օդանավի կործանումից հետո նախ Մեծ Բրիտանիան, այնուհետև Ռուսաստանը կասեցրել են չվերթները դեպի Եգիպտոս: Մինչդեռ Հայաստանը, որի համար Եգիպտոսը զբոսաշրջային կարևոր ուղղություններից է, լռություն է պահպանում այս առնչությամբ:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ ուժի մեջ է մնում դեռ հուլիսին՝ նախքան «Կոգալիմավիա»-ի օդանավի վթարը, իրենց տարածած հայտարարությունը, որով հորդորում էին հայ զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց:
Պաշտոնական այս հայտարարությունն արվել էր, երբ Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ էր իրականացրել Հյուսիսային Սինայում:
«Զվարթնոց» օդակայանից դեպի Եգիպտոս ուղիղ չվերթ վաղուց չի գործում», - «Ազատությանը» փոխանցեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանն ու հավելեց, որ Ամանորից հետո նախատեսված է ընդամենը մի քանի չարթերային թռիչք դեպի Շարմ էլ-Շեյխ:
«Քաղավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան», - նշեց Գրձելյանը:
Իսկ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, հիմնականում չնկարահանվելու պայմանով, ասում էին, որ այս օրերին աշխատում են հաճախորդներին չառաջարկել Շարմ էլ-Շեյխ և Հուրգադա ուղղությունները:
Գործակալություններից մեկի ղեկավար Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Եգիպտոսի զբոսաշրջային փաթեթի նկատմամբ պահանջարկը նվազել է 50-60 տոկոսով․ - «Հաշվի առնելով վերջին դեպքերը A321-ի հետ կապված, արդեն բավականին շատ նվազել են հարցումները կոնկրետ Եգիպտոսը և՛ մոտակա օրերին, և՛ Ամանորի համար»:
Դեպի Եգիպտոս նախապես գնված տոմսերը վերադարձնողներին այս գործակալությունն առաջարկում է ուղևորվել Արաբական Միացյալ Էմիրություններ և Հորդանան: Եգիպտոսում այս պահին հանգստացող հայ զբոսաշրջիկները զանգահարում են գործակալություն ու պատմում, որ այլ երկրների զբոսաշրջիկներին տարհանում են:
Լուսինե Ավետիսյանն այս առնչությամբ ասաց, թե կոնկրետ ՀՀ քաղաքացիների հետ կապված «ոչ մի խնդիր չկա»․ - «Մենք միշտ իրենց հետ կապի մեջ ենք»:
Չնայած այս ամենին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տուրօպերատորներից շատերը կրկնակի ցածր գներով զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում դեպի Եգիպտոս: