Մատչելիության հղումներ

Փորձագետներն օդանավի կործանման երկու վարկած են առաջ քաշում


Եգիպտոսում կործանված օդանավի բեկորները, 31-ը հոկտեմբերի, 2015թ.
Եգիպտոսում կործանված օդանավի բեկորները, 31-ը հոկտեմբերի, 2015թ.

«Սև արկղերը» հայտնաբերվել են։ Փորձագետներն արդեն սկսել են հետազոտել դրանք։

Երեկ հայտնի է դարձել, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթը կատարող ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը օդում պայթել է։

Փորձագետների համոզմամբ, օդանավը պայթել է բարձրության վրա՝ ճնշման կտրուկ անկման պատճառով։ Նրանք նաև նշում են, որ պայթյունի պատճառ կարող էին դառնալ ուղեբեռներից մեկում գտնվող փոքր չափերի ռումբը, շարժիչից պոկված դետալները կամ էլ օդանավի ճաքերը։

Այսինքն, դեպքից երկու օր անց վարկածները երկուսն են՝ օդանավը շատ հին էր, և աղետի պատճառն ինքնաթիռի անսարքությունն էր, և երկրորդը՝ ահաբեկչությունը, որը, սակայն, գոնե այս պահին ռուսաստանյան իշխանությունները հերքում են։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հիշեցնենք, ստանձնել է օդանավի կործանման պատասխանատվությունը։ Սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ այնպիսի զենք, որը կկարողանա նման բարձրության վրա խոցել օդանավը, ահաբեկիչներն այսօր չունեն։ Սակայն ահաբեկչությունը բացառել, այդուամենայնիվ, պետք չէ, շեշտում են փորձագետները։

Կործանված օդանավի «Սև արկղերը» հայտնաբերվել են։ Փորձագետներն արդեն սկսել են հետազոտել դրանք։

A321 օդանավը կորել է ռադարներից թռիչք կատարելուց 22 րոպե անց։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են Սինայի թերակղզում։ Աղետի զոհ է դարձել 224 մարդ՝ այդ թվում 25 երեխա։ Զոհվածների մարմիններն այս գիշեր տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ։

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ռուսաստանում սգո օր էր, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական հրապարակում էին հավաքվել հազարավոր մարդիկ։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք էր ժամանել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Կործանված օդանավի ուղևորների մեծ մասը պետերբուրգցիներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG