Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պնդում է, որ ռուսական օդանավի կործանման պատճառը ռումբի պայթյունն էր


Միացյալ Թագավորության կառավարությունը երեկ որոշել է դադարեցնել երկրի օդային հաղորդակցությունը Շարմ ալ Շեյխի հետ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեկ կայացած արտակարգ նիստի ընթացքում որոշեց դադարեցնել երկրի օդային հաղորդակցությունը Եգիպտոսի ամենախոշոր հանգստավայրերից մեկի` Շարմ ալ Շեյխ քաղաքի հետ:

Որոշումը պայմանավորված էր բրիտանական հետախուզության հայթայթած տեղեկություններով, որոնց համաձայն, ռուսաստանյան «Կոգալիմ Ավիա» ընկերության օդանավի կործանման ամենահավանական պատճառը A321-ում տեղադրված ռումբն է եղել: Չորեքշաբթի երեկոյան այս մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Այս երեկո վարչապետը անվտանգության կաբինետի ևս մեկ արտակարգ նիստ հրավիրեց, որի ընթացքում մենք կրկին ի մի բերեցինք տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, որ վերաբերում էր Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարին: Այս քննարկման ընթացքում մենք հանգեցինք հստակ եզարակցության` մեծ է հավանականությունը, որ օդանավի վթարի պատճառը դրանում տեղադրված պայթուցիկ սարքն է եղել»,- նշել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, պնդում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի մասին ռուսաստանցի գործընկերներին որևէ տեղեկատվություն չեն տրամադրել: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գիտակցումը, որ բրիտանական կառավարությունը ինչ-ինչ տեղեկություններ ունի, որոնք կարող են լույս սփռել Եգիպտոսի երկնքում տեղի ունեցածի վրա, իրոք ցնցող է: Դատելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարություններից` նման տեղեկություն իրոք առկա է, սակայն որևէ մեկն այդ փաստերը Ռուսաստանին չի փոխանցել»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ Մոսկվայում առայժմ չեն շտապում հավատալ ահաբեկչության վարկածին: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, օրինակ, ահաբեկչության վարկածը «շահարկում» անվանեց: «Վարկածներ առաջ քաշելու առաջնահերթ իրավունքը պատկանում է քննիչներին»- ասաց Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Նույն տոնայնության մեջ է նաև Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայության` «Ռոսավիցա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի այսօրվա հայտարությունը: «Եթե մենք սկզբում վարկածներ առաջ քաշենք, հետո էլ սկսենք դրանք ապացուցել, կարող է կրկնվել մալայզիական «Բոինգի» պատմությունը»,- նշել է ռուսաստանյան քաղավիացիայի ղեկավարը, հավելելով, որ «Կոգալիմ Ավիա»-ի օդանավի վթարի հետաքննությունը շարունակվելու է մի քանի ամիս: «Առայժմ հետաքնությունն իրականացնող պետական հանձնաժողովը հստակ վարկած չունի»,-ասել է ռուս պաշտոնյան:

Հիշեցնեմ, որ շաբաթասկզբին A321-ի կործանման պատասխանատվությունը ստանձնել էր «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետություն» խմբավորումը: Բրիտանական մի շարք լրատվամիջոցներ նաև պնդում են, որ ռուսաստանյան օդանավի դեմ հարձակումը հնարավոր է դարձել Շարմ ալ Շեյխի օդանավակայանի անվտանգության ծառայության վատ աշխատանքի պատճառով, որն ի վիճակի չի եղել կանխել ռումբի տեղադրումն օդանավի սրահում կամ բեռնախցիկում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյդիվ Քեմերոնի խոսքով, թռիչքների դադարեցման որոշումը կայացվել է ժամեր տևած քննարկումից հետո:

«Մենք չենք կարող հարյուր տոկոսով պնդել, որ ռուսական օդանավը կործանվել է դրանում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքվ, սակայն այս վարկածը գնալով ավելի հավանական է թվում: Այդ իսկ պատճառով` մասնագետների, հետախուզության հետ խորհրդակցելուց հետո եկանք այն համոզման, որ ճիշտը թռիքչների դադարեցումն է»,-այսօր ասել է Քեմերոնը:

Ուշագրավ է, որ բրիտանական կառավարությունն այս որոշումը կայացրեց Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ Ալ Սիսիի` Լոնդոն նախատեսված պաշտոնական այցի մեկնարկից հաշված ժամեր առաջ:

«Ես ընդունում եմ նաև այն լուրջ բացասական ազդեցությունը, որ կունենա մեր այս որոշումը Եգիպտոսի տնտեսության վրա: Բայցևայնպես, բրիտանացիների անվտանգությունը մեզ համար վեր է մյուս բոլոր գործոններից»,- հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG