Մատչելիության հղումներ

«Օդանավը կործանվել է պայթյունի հետևանքով»


Դիարանի մոտ հավաքված ռուսաստանցիները սգում են Եգիպտոսում օդային վթարում հարազատների մահը: Սանկտ Պետերբուրգ, 3 նոյեմբերի, 2015թ.
Դիարանի մոտ հավաքված ռուսաստանցիները սգում են Եգիպտոսում օդային վթարում հարազատների մահը: Սանկտ Պետերբուրգ, 3 նոյեմբերի, 2015թ.

Ամերիկացի փորձագետների պնդմամբ, Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական օդանավը պայթել է մեծ բարձրության վրա։

Ամերիկացի փորձագետները հայտնել են NBC News հեռուստակայանին, որ այդ վարկածն ապացուցում է ամերիկյան արբանյակի գրանցած հուժկու պայթյունը։

«Սա նշանակում է, որ օդանավը վնասվել է կա՛մ ռումբի, կա՛մ վառելիքի պայթյունից և ավերվել է շատ մեծ բարձրության վրա։ Միաժամանակ, արբանյակային լուսանկարներում ոչինչ չի վկայում հնարավոր հրթիռակոծման մասին», - ասել է փորձագետներից մեկը։

Նրա խոսքերով, «երկիր-երկինք» տեսակի հրթիռը թռիչքի ընթացքում սովորաբար հետք է թողնում, որն արբանյակի լուսանկարում անպայման տեսանելի կլիներ։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Շարմ էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ չվերթը կատարող օդանավը վայր գցելու մասին պնդումը, որը համացանցում տարածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի հետ առնչություն ունեցող մի եգիպտական խմբավորում, իրականությանը չի համապատասխանում։

«Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել է Շարմ էլ-Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց։ Այդ օդանավով Ռուսաստան էին վերադառնում արձակուրդը Եգիպտոսում անցկացրած մարդիկ՝ հիմնականում ռուսաստանցիներ։ Ուղևորների թվում են եղել նաև Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիներ։

Սինայի թերակղզում տեղի ունեցած աղետն ամենածանրն է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության ընթացքում։ Զոհվել է 224 մարդ` բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։ Երեկ Ռուսաստանում սգո օր էր։

«Կոգալիմավիա»-ի ներկայացուցիչները բացառում են տեխնիկական անսարքության կամ օդաչուների հնարավոր սխալի գործոնը և պնդում են, որ աղետի կարող էր հանգեցնել միայն ինչ-որ կողմնակի ազդեցություն։

«Դա տեխնիկական կամ ֆիզիկական գործողություն էր», - հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սմիրնովը՝ հավաստիացնելով, որ Airbus-ը շատ լավ վիճակում էր։

«Սև արկղերի» տվյալների վերլուծության նախնական արդյունքները վկայում են, որ օդանավը դրսից հարված չի ստացել, իսկ օդաչուները որևէ արտակարգ հաղորդագրություն դիսպետչերներին չեն փոխանցել, վթարի մասին ազդանշան չեն տվել։

«Սև արկղերի» տվյալների վերծանումը կատարում են եգիպտացիները, ռուսաստանցիները, ինչպես նաև ֆրանսիացիները, քանի որ ինքնաթիռն այդ երկիրն է արտադրել, և իռլանդացիները, քանի որ օդանավն Իռլանդիայում է գրանցված։

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե չարժե ինչ-ինչ տեսական գուշակություններ անել օդանավի աղետի վարկածների վերաբերյալ և չարժե աղետը կապել Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների հետ։

«Դրանք բացառապես տարբեր խնդիրներ են, պետք չէ կապ որոնել»,- ասել է Պեսկովը և ընդգծել, որ այս պահին չկան ահաբեկչության վարկածի մասին վկայող նշաններ։

Ամերիկյան մամուլը, իր հերթին, հարցրել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերին, թե արդյո՞ք «Իսլամական պետությունը» կարող էր վայր գցել ռուսական օդանավը։

«Դա առանձնապես հավանական չէ, բայց բացառել նույնպես չեմ կարող», - ասել է Քլափերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG