Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է՝ Ռուսաստանը դեմ չէ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, թեև ընդունում է, որ այդ հարցում կան նաև աշխարհաքաղաքական խնդիրներ:
Օրերս «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնն, անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, ընդգծել էր, թե Ռուսաստանը խստորեն դեմ է այս ծրագրին։ Դրա իրականացման արժեքը կազմում է 3 միլիարդ 700 միլիոն դոլար: Այժմ Թեհրանը այլընտրանքային տարբերակ է քննարկում ընդամենը 400 միլիոն դոլար ծախսով Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը կառուցելու համար:
«Այդտեղ խանգարելու ոչինչ չկա, բավականին մեծ ծավալով ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ունենար այդ գումարները, մենք վաղուց կառուցած կլինեինք։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք կարողանանք ձեռք բերել համապատասխան պարտնյորներ, որոնք մեզ հետ այդ երկաթգիծը կկառուցեն և կշահագործեն։ Դա ընթացքում է։ Ես ինչի համար կոնկրետ ոչինչ չեմ հայտարարում. որովհետև ամեն այցի ժամանակ ինչ-որ մի բան է փոխվում, բայց կարող եմ ասել, որ դրական շարժ կա»,- ասաց նախարարը։
«Ազատության» հարցին, թե արդյոք ֆինանսական խնդիրներից բացի կա՞ն նաև աշխարհաքաղաքական խոչընդոտներ, Բեգլարյանը պատասխանեց.- «Ֆինանսականը այսօր ամենաառաջինն է»։
Անդրադառնալով «Ստրատֆոր»-ի վերլուծությանը՝ նախարարը հստակեցրեց.- «Ես չէի կարող ասել՝ աշխարհաքաղաքական չկա, ես ասել եմ՝ առաջին խնդիրն այսօր ֆինանսական է, մնացած բոլորը ձեռք են բերվում քաղաքական պայմանավորվածությունների մեջ»։ «Ռուսաստանը խոչընդոտո՞ւմ է այդ երկաթգծի կառուցմանը». այս հարցին Բեգլարյանը պատասխանեց՝ «այդպիսի բան չկա»։
«Հնարավոր համարո՞ւմ եք, որ Թեհրանը փոխի իր մտադրությունը և Ադրբեջանի միջոցով իրականացնի իր ծրագրերը»։ «Մեր բանակցությունների ընթացքում ես այդպիսի տպավորություն չեմ ստացել, չկա նման բան»,- պատասխանեց Բեգլարյանը։
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին Սերժ Սարգսյանը խոսել էր դեռևս 2008 թվականին, Ազգային ժողովում՝ հայտարարելով, որ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է երկաթուղու կառուցումը: Մոտ 7 տարի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններին այդպես էլ չի հաջողվում առաջընթաց գրանցել այս հարցում:
Ուշագրավ է, որ չնայած երկաթուղու աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, շուրջ 4 տարի է գործում է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը, որն ամեն տարի պետական բյուջեից սուբսիդիա է ստանում: 2016-ին նախատեսվում է 39.1 միլիոն դրամ հատկացնել այս ընկերությանը, որն, ինչպես Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, զբաղվում է կարևոր գործով:
«Եթե կարևոր չլիներ, հաստատ համոզված եղեք, բյուջեից գումար չէր հատկացվի, այդ կազմակերպությունը չէր աշխատի»,- ասաց նա։
Այս հարցը չշրջանցվեց նաև այսօր խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ: Նիստը վարող տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարբերաբար փորձում էր Գագիկ Բեգլարյանից պարզել՝ ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը:
«Դա հենց կոնկրետ զբաղվում է այսօրվա Իրան-Հայաստան երկաթգծի կազմակերպչական, նախնական պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված աշխատանքները համակարգելով։ Իրականում դրա անհրաժեշտությունը շատ կարևոր է»,- վստահեցրեց տրանսպորտի նախարարը։
Հանրապետական Վարդան Այվազյանի մյուս հարցը վերաբերում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պետբյուջեից սուբսիդիա տրամադրելուն: Հայաստանի պետբյուջեն արդեն տարիներ շարունակ փոխհատուցում է ռուսաստանյան այս ընկերության վնասները: 2011-ին, օրինակ, պետբյուջեն որպես վնասի փոխհատուցում «Հարավկովկասյան երկաթուղուն» նվիրել է 167 միլիոն դրամ, 2014-ին՝ 536 միլիոն դրամ: 2016 պետական բյուջեով արդեն ռուսական ընկերությանը կտրամադրվի մոտ 350 միլիոն դրամի փոխհատուցում:
«Ըստ նախնական պայմանավորվածության, ըստ կոնցեսիոն պայմանագրի՝ ֆիքսվել է, որ ուղևորափոխադրումների այսքան քանակի առնչությամբ, եթե մենք չենք ապահովում այսքան գումար, ապա ՀՀ կողմից դա փոխհատուցվում է»,- արձագանքեց նախարարը։
Այվազյան-Բեգլարյան բանավեճից հետո տրանսպորտի նախարարին հարցրեցինք, թե մինչև ե՞րբ է Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից փոխհատուցելու ռուսական ընկերության կրած վնասները:
«Եթե դա պետական բյուջեից ֆինանսավորվում է, շատ արդյունավետ աշխատում է, և ոչ մի վնաս, բացի օգուտից, նա մեզ չի տալիս։ Հարցը ձևակերպեք նենց, որպեսզի նաև հասկանալի լինի։ Դուք հարցը ձևակերպում եք այնպես, որ յուրաքանչյուր պատասխան հնարավոր է սխալ դուրս գա»,- ասաց Բեգլարյանը։