Մատչելիության հղումներ

Չինաստանն ուսումնասիրում է՝ որքանով է նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը


Հովիկ Աբրահամյանը Չինաստանում, 23-ը սեպտեմբերի, 2015թ.
Հովիկ Աբրահամյանը Չինաստանում, 23-ը սեպտեմբերի, 2015թ.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան այցի արդյունքում չինական կողմը սկսել է ուսումնասիրել, թե որքանո՞վ է հնարավոր ու նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը, և եթե երկաթուղին շահավետ գնահատվի Պեկինում, Չինաստանը նաև կֆինանսավորի նախագիծը։ Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով Աբրահամյանին ուղեկցում էր Չինաստան այցելության ընթացքում:

«Չինաստանի վարչապետը հանձնարարեց համապատասխան պաշտոնյային՝ դա կոմերցիայի և առևտրի գծով նախարարի տեղակալն է, որը միաժամանակ Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, որպեսզի այս աշխատանքները կոորդինացնի և հայկական կողմի հետ համաձայնեցնելով շարժվեն առաջ»,- հայտնեց Ճշմարիտյանը։

Նախարարի խոսքով՝ չինական կողմը շահագրգռված է այս երկաթգծով, որովհետև նախագծի հիմնական գաղափարն այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպային։

Ըստ Ճշմարիտյանի, վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ երկաթգծի հայաստանյան հատվածը կարժենա 3.2 միլիարդ դոլար, և հայաստանյան պատվիրակությունը բանակցել է, որպեսզի չինական կողմը ֆինանսավորի այն:

«Այսինքն իրենք նայելու են շահութաբերության աստիճանին, և [եթե դա իրենց ձեռնտու լինի], կսկսեն ֆինանսավորել։ Ես կարծում եմ, հենց իրենք ուսումնասիրությունները ավարտեն, մեզ կտեղեկացնեն»,- ասաց նախարարը։

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են կյանքի կոչել դեպի Իրան երկաթգիծը: 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Անցած տարիներին Հայաստանի իշխանությունները ընդամենը կարողացան 2013 թվականի հունվարին կոնցեսիոն պայմանագրեր կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ, որն էլ պարտավորվեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը՝ ծրագրի ավարտից հետո իրավունք ստանալով 30 տարի շահագործել այն:

Հայաստանում պաշտոնյաները, փորձագետները համոզված են՝ հայ-իրանական երկաթգիծը տնտեսական լուրջ հեռանկարներ կբացի երկրի տնտեսության համար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին միայն Իրանի ու Չինաստանի հետ Հայաստանի առևտուրը կազմել է 423.7 միլիոն դոլար, ինչը հայաստանյան ողջ արտաքին առևտրի 15.9 տոկոսն է։

Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանի խոսքով, երկաթգծի առկայության դեպքում Հայաստանը կշահի նաև որպես տարանցիկ երկիր:

«Երկրորդ՝ Հայաստանը ինքը արդեն ունենում է մեկ լրացուցիչ պատուհան, որովհետև այսօրվա մեր պատուհաններից մեկը շատ խրթին էր մինչև հիմա, մենք Իրանով կարողանում էինք շատ քիչ երկրներ գնալ, Վրաստանն էլ տեսնում ենք ինչ է լինում՝ ռուսները երբ ուզում են, մի խնդիր են ստեղծում, խցանում է լինում այնտեղ և այլն։ Հետևաբար մեզ պետք է շնչել և դուրս գալ ալտերնատիվ ճանապարհով»,- ասաց Մակարյանը։

Էկոնոմիկայի նախարարն այսօր ասաց, որ Պեկինում քննարկել են նաև այլ նախագծեր՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը չինական ընկերությունների միանալու հարցը, Գյումրիում թերթավոր ապակու արտադրության հեռանկարը, զբոսաշրջության զարգացման և Air China ավիաընկերության՝ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG