«Օֆշորային գործով» դատական նիստը հետաձգվեց

Գործարար Փայլակ Հայրապետյանը, արխիվ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազը անհետաձգելի գործեր ուներ:

Վկաների հարցաքննությունն ավարտած դատավորը ապացույցների հետազոտման փուլն այդպես էլ չսկսեց: Դատարանը առայժմ չի անդրադարձել նաև ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչների քաղաքացիական հայցին՝ գործով 3 տուժողներին պատճառված վնասը՝ ավելի քան 11 միլիարդ դրամը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանից բռնագանձելու վերաբերյալ:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանի խոսքով՝ պահանջում են նաև կալանքի տակ դնել Աշոտ Սուքիասյանի և նրա հարազատների ամբողջ անշարժ և շարժական գույքը․ - «Հայցը ներկայացվել է դատարան: Դատարանը այս պահին դեռ վարույթ չի ընդունել»:

Հայցին իր առարկություններն է ներկայացրել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը՝ միջնորդելով չընդունել հայցադիմումն ու թողնել առանց քննության, քանի որ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դիտավորություն չի ունեցել խաբեությամբ տիրանալու ուրիշի գույքին: Ըստ Խաչատրյանի, իր պաշտպանյալը խարդախության նպատակ չի ունեցել, այլ ինքն է դարձել հանգամանքների զոհն ու անգամ իր անձնական միջոցները ծախսել՝ իրավիճակը շտկելու համար:

Ինգա Ավագյանը, սակայն, հայտարարեց․ - «Մենք պնդելու ենք մեր հայցը․․․ Այս պահի դրությամբ արդեն իսկ հիմնավորված է գործով անցնող վկաների ցուցմունքներով, որ Սուքիասյանը չի ունեցել բիզնես ծրագիր իրականացնելու նպատակ, նա չի ունեցել որևէ հանք: Այդ ամենը եղել է զուտ կեղծ»:

Տուժող Փայլակ Հայրապետյանը հույս ունի, որ խաբեությամբ իրենից վերցված գույքը ի վերջո կվերադարձվի իրեն․ - «Իմ գույքը հետ պիտի վերադարձվի մի քանի պատճառներով: Առաջինը, որ խաբեությամբ վերցրել է: Երկրորդը, որ բանկը խաբեությամբ Աշոտ Սուքիասյանի հետ միասին չեն կատարել այն պարտականությունները, որ պիտի կատարեին: Ինքը պիտի վերադարձնի, բանկը պիտի վերադարձնի, մեկ էլ՝ ում վրա փողերը փոխանցել են, նրանք պիտի վերադարձնեն»:

Օֆշորային սկանդալին առնչվող ևս մեկ գործ քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է դիմել դատարան՝ պահանջելով հերքել մամուլում Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները (որոնք նախկին վարչապետը համարում է զրպարջություն) և իրեն մեկ միլիոն դրամ փոխհատուցել՝ որպես բարոյական վնաս:

Փայլակ Հայրապետյանն անիմաստ է համարում այս պահանջը․ - «Գումար ա ուզում ինձանից: Իբր քիչ են տարել, մի միլիոն էլ տամ»:

Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել «Ամերիաբանկ»-ում, որտեղ այն գնահատել են ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, որի հետ, ըստ լրատվամիջոցները, կապվում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: