Այս մասին, այսօր, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ քանի որ Սուքիասյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սարգսյանի և Կճոյանի հետ՝ ցանկացել է նրանց լավություն անել:
«Ունեցել է հարաբերություն, շփվել է նշված անձանց հետ։ Ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ են հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ՝ նրանց անվամբ կա բացված նաև ընկերություն, որ կարող են այդ գումարներից օգտվել», - ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք այդ «լավության» գումարներից վարչապետը կամ Նավասարդ Կճոյանը իրականում չեն ստացել, փաստաբանը պատասխանեց, որ նման ապացույց սույն գործում չկա։
Հիշեցնենք, «Հետք» պարբերականը հետաքննություն էր անցկացրել ու պարզել, որ գործարար Փայլակ Հայրապետյանի գույքի դիմաց ստացված մոտ տասը միլիոն դոլարը Աշոտ Սուքիասյանը փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների ՝ այդ թվում WLISPERA HOLDINGS -ին:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն WLISPERA HOLDINGS LIMITED-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սուքիասյանը, սակայն, պնդում է, թե ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ կազմակերպության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ է սարքել:
Սուքիասյանի փաստաբանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ ճնշում կամ սպառնալիք չի եղել, որպեսզի նա հերքի այս ամենում Տիգրան Սարգսյանի և Կճոյանի ներգրավվածությունը:
«Ինքը հայտարարել է և ցուցմունքերում նշում է, որ նշված անձինք որևէ կապ չունեն իր կողմից բացված ընկերության հետ։ Ինքը ստորագրություններ է դրել. կեղծել է, թե ինչ, դա քննությունը ցույց կտա։ Դե, եթե իրենցը չի, Աշոտ Սուքիասյանն ուրեմն ինքն է դրել այդ ձեռագրերը։ Եթե ստորագրություններն ունես, հատուկ մեքենայի միջոցով, շատ հեշտ կարող ես վերարտադրել մեկ այլ փաստաթղթի տակ։ Ինքը քննությանն այդ մասին մանրամասն հայտնում է, որ դրանք տեղի է ունեցել իր կողմից», - փոխանցեց փաստաբանը։։
Հարցին, թե որտեղից է Սուքիասյանը վերցրել ստորագրության նմուշները, փաստաբանը պատասխանեց. - «Նախաքննական տվյալները չհրապարակեմ, գործում կան։ Թե որտեղից են, դրանք հետո կիմանաք»։
Թեև պաշտպանի պնդմամբ Աշոտ Սուքիասյանը ցանկացել էր ընդամենը գեղեցիկ նվեր մատուցել նախկին վարչապետին ու արքեպիսկոպոսին ՝ նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով և նրանց հաշվին մեծ գումարներ փոխանցելով, սակայն գործարարն այժմ մեղադրվում է միանգամից 3 հոդվածներով ՝ փողերի լվացման, խարդախության և խաբեությամբ գույքին վնաս պատճառելու համար:
Յուրիկ Խաչատրյանը պնդում է՝ այդ 3 հոդվածներն էլ անհիմն են: Իր պաշտպանյալը տված ցուցմունքերում չի ընդունում ներկայացված մեղադրանքը ՝ պնդելով, թե խարդախություն կատարելու դիտավորություն չի ունեցել: Ավելին, Յուրիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ Աշոտ Սուքիասյանն ինքն է խարդախության զոհ դարձել, քանի որ Սիեռա Լեոնեում ունեցած նրա հանքը ազգությամբ բելառուս գործընկերը խաբեությամբ նրա ձեռքից խլել է, ինչի արդյունքում էլ հնարավոր չի եղել խոստացված հումքը Աֆրիկայից տեղափոխել Հայաստան: Թե ինչ է եղել 12 միլիոն դոլարի հետ, որն Աշոտ Սուքիասյան ձեռք էր բերել գրավադրելով Փայլակ Հայրապետյանի գույքը, Խաչատրյանն ասաց, թե քննությունից հետո պարզ կդառնա այդ միլիոններից քանիսը ուր են գնացել:
«Աշոտ Սուքիասյանը ևս խարդախության զոհ է դարձել, որի շնորհիվ չի կարողացել գումարներ ժամանակին տրամադրել և փակել «Ամերիա» բանկի վարկերը», - ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է այս ամենի արդյունքում ունեզրկված գործարար Փայլակ Հայրեպտային, ով կորցրել է ողջ ունեցվածքը, ապա Սուքիասյանի փաստաբանն ասում է, թե Հայրապետյանից ոչ ոք ոչինչ չի ուզել, ինքն է իր ցանկությամբ, լայն իրավասություներով լիազորագիր տվել իր պաշտպանյալին և կամովին գրավադրել գույքը: Յուրիկ Խաչատրյանը ասում է, թե Փայլակ Հայրապետյանը հասկացել է, որ այս բիզնես ծրագրում ինքը կարող է կորուստներ ունենալ, հատկապես, որ աֆրիկյան Սիեռա Լեոնեում ինչ ասես կարող էր լինել. Սուքիսյանը կարող էր այնտեղ զոհվել, քանի որ Սիեռա Լեոնեում ջունգլիներ են, վայրի ցեղեր, վարակներ տարածող չղջիկներ:
«Այսինքն, այդ դժվար պայմաններում աշխատելով, անձը չէր կարող չպատկերացնել, որ կարող է շատ դժվարություններ լինեն։ Վայրի խմբեր են ապրում էդ պետությունում։ Ասում եմ, նույնիսկ՝ ցեղախմբեր, ընդունված է՝ուրբաթ օրերը մարդու միս են ուտում, կանիբալիզմով են զբաղվում։ Ռիսկի գոտի է», - ասաց փաստաբանը։
Ի դեպ , փաստաբանը չցանկացավ ասել, թե այժմ որ կալանավայրում է պահվում Աշոտ Սուքիասյանը: