Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետի նոր նշանակումը հարուցել է ընդդիմադիրների տարակուսանքը


Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում, 5-ը փետրվարի, 2014 թ․
Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում, 5-ը փետրվարի, 2014 թ․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ստանիսլավ Զուևը «Ազատության» հետ զրույցում այսօր փոխանցեց, որ, ըստ ԵՏՄ-ի կանոնադրության, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնաժողովը կղեկավարի չորս տարի:

Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվեց անցած ուրբաթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ԵՏՄ գագաթնաժողովում: Հայաստանի նախագահի առաջարկությամբ որոշվեց, որ գալիք տարվա փետրվարի 1-ից Եվրասիական միության գործադիր մարմինը կղեկավարի այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը: ԵՏՄ-ում Հայաստանը նույնպես իր նախագահությունը կստանձնի 2016-ի փետրվարի 1-ից, սակայն՝ մեկ տարով:

Հարցին, թե ինչո՞ւ հենց ընդամենը մեկ տարի առաջ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ էր, որ այս քննարկումները տեղի էին ունենում, և բավականին իրազեկված է Տիգրան Սարգսյանը: Եվ ինձ թվում է, որ ճիշտ թեկնածություն է ընտրվել, որովհետև նախնական այդ փուլերը անցել են Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ»:

Բաղդասարյանը հավելեց, որ Հանրապետականի գործադիր մարմնում հարցը չի քննարկվել: Իսկ հարցին, թե արդյոք այսպիսով ճանապարհ չի հարթվում Տիգրան Սարգսյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ վերադառնալու համար, արձագանքեց․ - «Ենթադրությունները կարող են շատ լինել: Բայց ո՞վ է ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը կամ ընդհանրապես դեսպանները արդեն կտրվել են Հայաստանի քաղաքական իրականությունից»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի նշանակումը ցույց է տալիս, որ «Հայաստանի իշխանությունների ներսում կադրային լուրջ լարվածություն է»․ - «Բոլորս լսել ենք բազմաթիվ չարաշահումների մասին, որ կատարված են Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից: Իսկ մի սկանդալը դա արդեն անձամբ իր անվան հետ կապված սկանդալ է՝ օֆշորային, կիպրոսյան սկանդալը»:

«Իշխանությունները խոստացել են պարզաբանումներ տալ «օֆշորային գործի» կապակցությամբ, բայց մինչև հիմա որևէ բան պարզաբանված չէ», - շարունակեց Զուրաբյանը: - «Եթե պարզվի մի ամիս հետո, կամ թեկուզ մի տարի հետո պարզվի, որ այնուամենայնիվ Տիգրան Սարգսյանը լուրջ չարաշահումներ է թույլ տվել և լուրջ կոռուպցիոն սկանդալի մեջ է գտնվում․․․ Ի՞նչ եք կարծում, սա ԵՏՄ-ի վարկին չի՞ խփի: Բնակաբանար կխփի»:

«Մեծապես կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը որևէ ոլորտում կարող է հաջողության հանգեցնել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց տարիներ առաջ նրա հրաժարականը պահանջող ԲՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը․ - «Նրա վարչապետության տարիներին Հայաստանը սրընթաց տնտեսական անկում է ապրել: Էլ չեմ խոսում էն կասկածելի կոռուպցիոն պատմությունները՝ և՛ կիպրոսյան օֆշորային սկանդալը, և՛ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով 16 միլիոն դոլարի կարտոֆիլ աճեցնելու թեմայով սեմինարներ անցկացնելը, և՛ էդ բիոզուգարանների խայտառակ պատմությունը»:

Զոհրաբյանը կարծում է, որ «հող է նախապատրաստվում» Տիգրան Սարգսյանին Հայաստանի ներքաղաքական կյանք վերադարձնելու համար․ - «Սա տրամպլին է՝ կրկին Տիգրան Սարգսյանը գործչին ներմուծելու, ներդնելու ապագա հայաստանյան քաղաքական գործընթացների մեջ»:

Իմիջիայլոց նշենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նախագահի Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներում հայտարարեց, որ կարող է կանխատեսել, թե ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, բայց չցանկացավ տալ այդ մարդու անունը:

«Այս նշանակման հետևանքները նախևառաջ ներհայաստանյան քաղաքական կյանքում կլինեն, որովհետև դժվար թե Տիգրան Սարգսյանի նշանակումը լրջորեն ազդի ԵՏՄ-ում Հայաստանի նշանակության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը և շարունակեց․ - «Հայաստանից ներկայացնելով Տիգրան Սարգսյանի թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանը ընդամենը բացել է Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի մանևրելու դաշտ իր համար, և Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնը առավելապես կծառայի հենց ներքին մանևրների համար»:

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանն այսօր նաև նշեց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել, թե Վաշինգտոնում ով կփոխարինի Տիգրան Սարգսյանին: Այդ մասին առայժմ չցանկացավ խոսել նաև Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

XS
SM
MD
LG