Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը փորձում է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնել դատարանի միջոցով․ իր առաջարկությունները լսելի դարձնելու հայցով դիմում է Վարչական դատարան:
«Մեր այլընտրանքային տարբերակը չքննարկելու առիթով հանձնաժողովին պարտադրել կատարել իր պարտականությունները և քննության առնել մեր ներկայացրած տարբերակը», - «Ազատության» հետ զրույցում իր պահանջը ներկայացրեց ԱԻՄ առաջնորդը: - «Իհարկե, զուգահեռաբար ներկայացվում է մեղադրանք, շեշտվում են մեր նախկինում պատրաստած բոլոր փաստերը և նաև նախագահի կողմից տրված հանձնարարականն է շեշտվում, որ հրամանագիր ստորագրելիս՝ նախագահը ինչ պարտականություններ է դրել իր ստեղծած կառույցի վրա», - հավելեց նա:
Նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովն արդեն չի գործում, մշակված փաստաթուղթն էլ նախագահի հրամանագրով դրվել է հանրաքվեի։ ԱԻՄ առաջնորդը, սակայն, վստահ է՝ իրավական հարթությունում ինչ-որ բան փոխել դեռ հնարավոր է։
«Ասեմ գլխավոր խնդիրը՝ մենք այս ամենի արդյունքում շատ մոտ ժամանակում դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ասելով, որ դատական վարույթ է սկսված, հետևաբար՝ ձեր պարտքն է կասեցնել հանրաքվեն», - մանրամասնեց Հայրիկյանը:
Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող և ԱԻՄ-ի հետ միևնույն՝ «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական ուժերը Հայրիկյանի այս նախաձեռնությանը չեն միանում։
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը դատարանում վիճարկելն անիմաստ է։
«Անշուշտ, դա որոշակի տեղեկատվական ֆոն է ստեղծում, որոշակի հնարավորություն է՝ ևս մեկ անգամ արտահայտվելու, այդ գաղափարները ներկայացնելու, ժողովրդին ցույց տալու, որ ապօրինի գործընթաց է: Այո՛, որոշակի լծակ է, բայց ռեսուրս ծախսել նման մեթոդներով աշխատելու վրա, կարծում ենք, արդյունավետ չէ զուտ նաև այն պատճառով, որ շատ քիչ ժամանակ է մնացել», - նշեց Ավետիսյանը:
Սահմանադրական փոփոխությունները դատարանով կասեցնելու՝ Հայրիկյանի նախաձեռնությանը չի միանա նաև «Չե՛ք անցկացնի» շարժումը։ Ակտիվիստները, սակայն, ողջունում են ԱԻՄ առաջնորդի այս քայլը:
«Մենք չենք միանա նախաձեռնությանը, բայց Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունը գնահատում եմ դրական: Ընդհանրապես՝ ես կարծում եմ, որ միայն հրապարակային պայքարը և միայն իրավական պայքարը, առանձին վերցրած, արդյունավետ չեն: Արդյունավետ է այն պայքարը, որը համատեղում է և՛ իրավական պայքարը, և՛ հրապարակային պայքարը: Ես կարծում եմ, որ հրապարակային պայքարը պետք է հիմնված լինի նաև իրավական հիմքերի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնությունից Արշակ Մուսախանյանը:
Հիշեցնենք՝ մոտ 10 օր առաջ էլ ԱԻՄ առաջնորդը վերջնագիր-ուղերձ էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: