Մատչելիության հղումներ

Հայրիկյանը վերջնագիր-ուղերձ կփոխանցի նախագահին


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, արխիվ

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր վերջնագիր-ուղերձ է փոխանցելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով հանրաքվեի չդնել խորհրդարանի հավանությանն արժանացած սահմանադրական փոփոխությունները:

«Նախագահը պիտի հասկանա, որ ինքը պատմական պատասխանատվություն է կրում, և իրեն ուղի եմ ցույց տալիս, թե ինչպես կարող է ինքը խուսափել իր իսկ սկսած սխալ գործընթացից: Ինքը դեռ կարող է կասեցնել հակասահմանադրական ապօրինի գործընթացը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Իր պահանջը չկատարելու դեպքում, Պարույր Հայրիկյանն իրավապահներին է դիմելու՝ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Մինչ այդ, ԱԻՄ-ի առաջնորդը այսօր արդեն գլխավոր դատախազին դիմում է հանձնելու՝ պահանջելով քննել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեությունը:

«Սա իմ, մեր պարտքն է, որովհետև երբ փորձում են բռնանալ մարդկանց իրավունքների վրա և խտրականություն սահմանել, դու պարտավոր ես իրավական միջոցների դիմել, և մենք մտադիր ենք այս ճանապարհով գնալ մինչև վերջ», - հայտարարեց Հայրիկյանը՝ հավելելով․ - «Մեզ պետք չի չարիքի ճանապարհով ստեղծվող նոր հիմնական օրենք»:

Նա հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չի արձագանքել ԱԻՄ-ի առաջարկներին, հրաժարվել է իրենց հետ հանդիպել, ինչը, ըստ կուսակցության ղեկավարի, հանցավոր անգործություն է:

«Մի քանի հոդվածներ կան՝ մարդու քաղաքական իրավունքների դեմ մեղադրանքը՝ մեկ, իշխանության չարաշահում՝ երկուս: Ոչ թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել՝ չէ որ հանձնաժողովը դա կազմակերպված խումբ է, այսինքն՝ կազմակերպված հանցագործություն է կատարվել քաղաքացու նկատմամբ: Որքան էլ որ խուսանավեն՝ ի վերջո, Եվրոպական մարդու իրավունքների դատարանը այդ բոլորը կարձանագրի», - վստահություն հայտնեց Հայրիկյանը:

«Մենք հեռահար նպատակով ենք գնում, և արագացված գործընթացով պիտի աշխատենք», - հայտարարեց ԱԻՄ-ի նախագահը:

XS
SM
MD
LG