Մատչելիության հղումներ

Վարչապետին շտաբի ղեկավար նշանակելն «ապացուցում է, որ հանրաքվեն կեղծվելու է»


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Իշխող կուսակցությունը վարչական ռեսուրս կօգտագործի, իսկ Հովիկ Աբրահամյանը այդ գործում ամենափորձառուն է, ասում է Լևոն Զուրաբյանը:

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ընդդիմադիրները այսօր արդեն վստահ են՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հանրապետականի քարոզչական շտաբի պետի պաշտոն տալը նշանակում է, որ առաջիկա հանրաքվեն կեղծվելու է։

Ընտրությունների մասնակցության փորձ ունեցող խորհրդարանական Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ինչպես նախկինում, այս անգամ էլ իշխող կուսակցությունը վարչական ռեսուրս կօգտագործի, իսկ Հովիկ Աբրահամյանը, ըստ նրա, այդ գործում ամենափորձառուն է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

«Անցյալ տարիների փորձը կա, երբ մեկ էլ պարզվում էր, որ զանգվածաբար հարկային պարտավորություններ էին ներում ընտրությունների ժամանակ, լույսի պարտքեր էին ներում և հազար նման բաներ: Այսինքն՝ պետական կառավարման ռեսուրսը ապօրինաբար օգտագործվում էր»:

Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու հարուստ փորձ ունի, 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններին գլխավորել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, 2012-ի խորհրդարանական ընտրություններին էլ Հանրապետականի շտաբի պետն է եղել։ Երեք դեպքերում էլ Հանրապետականը կամ նրա թեկնածուն առաջին տեղում են եղել։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ այս պատասխանատու գործը Հովիկ Աբրահամյանին է վստահվել, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը շատ կարևոր է հանրապետականների համար, ամեն ինչ անելու են, որ այն անցնի։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Հաշվի առնելով, որ իրենք ընտրել են տվյալ անձին, ապա սա խոսում է այն մասին, որ իրենք էլ ունեն մտավախություն՝ ինչպես պետք է անցկացնեն այդ ընտրությունները։ Որովհետև իրենք ընտրել են իրենց միջից ամենափորձառուին տվյալ գործը, տվյալ սև՛ գործն անելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Աբրահամյանին շտաբի պետ նշանակելու որոշում իշխող կուսակցության գործադիր մարմինը երեկ երեկոյան արտահերթ նիստում կայացրեց։ Առաջիկա օրերին արդեն նա նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հանրապետականի շտաբները կձևավորի։

Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդեց՝ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, վարչապետը շտաբի պետի պաշտոնը գործադիրի ղեկավարի պաշտոնի հետ կհամատեղի․ - «Կա «Հանրաքվեի մասին» օրենքը և այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով և՛ իրականացնել գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և՛ նաև իրականացնել հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ հանրապետության վարչապետը արձակուրդ չի մեկնելու»:

Ընդդիմադիրները մինչդեռ վստահ են՝ երկու աշխատանքը համատեղել հնարավոր չէ։ «Ոչ»-ի ճակատը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հանրաքվեի գործընթացը խախտումներով է առաջ շարժվում՝ նախ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը դարձավ մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, հիմա էլ տնտեսության թիվ մեկ պատասխանատուն՝ Հանրապետականի շտաբի պետ։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյան, 20-ը հոկտեմբերի, 2015թ.
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյան, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

«Էս իշխանության, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ թե երկրի տնտեսությունն ու քաղաքացիների բարեկեցությունն է, այլ իր իշխանության վերարտադրությունն է, ապա այդ թիմով գնում են այդ ճանապարհով։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին չի հետաքրքրելու տնտեսությունը, Սերժ Սարգսյանի պահանջը չի լինելու տնտեսություն բարելավելը, Սերժ Սարգսյանի պահանջը լինելու է, որ Սահմանադրությունը անցկացնի, կարողանա իշխանությունը վերարտադրել», - ասաց Գրիգորյանը։

Լևոն Զուրաբյանի համար ակնհայտ է, որ նոր Սահմանադրության անցկացումը իշխանության պահպանման ամենակարևոր խնդիրն է, որը, ըստ նրա, Աբրահամյանը անելու է վարչապետի պարտականությունները կատարելու փոխարեն․ - «Եթե Հովիկ Աբրահամյանը չի գնում արձակուրդ, նշանակում է, որ ֆորմալ առումով՝ նա պետք է աշխատի ժամը 6-ից հետո կամ շաբաթ-կիրակի: Ակնհայտ է, որ սա սուտ է: Առանց այդ էլ մենք չունեինք էֆեկտիվ կառավարում տնտեսության մեջ, հիմա է՛լ ավելի անբարենպաստ վիճակ կստեղծվի»:

Քարոզարշավի ակտիվ փուլը կողմ և դեմ ուժերը կսկսեն հոկտեմբերի վերջից, այժմ բոլորը նախապատրաստական աշխատանքներով են զբաղված։ «Ոչ»-ի ուժերի առաջիկա հանրահավաքը հոկտեմբերի 30-ին է, «այո»-ի կողմնակիցները դեռ հանրահավաքի օր չեն հայտարարում։

Ի դեպ՝ այսօր արդեն մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավի պաստառների համար տախտակներ էին հայտնվել։

XS
SM
MD
LG