Մատչելիության հղումներ

Սահմանադրության նախագծին կողմ քվեարկած ընդդիմադիրները չեն մասնակցի «այո»-ի քարոզարշավին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունում սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած միակ պատգամավորը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցի «այո»-ի քարոզարշավին։ Կարծում է՝ խմբակցության որոշումից տարբերվող կարծիք ունենալն իր սահմանադրական իրավունքն է, բայց քարոզարշավին մասնակցելը կոռեկտ չէ։

«Ես ՀԱԿ խմբակցության անդամ եմ, խմբակցությունը քարոզարշավին մասնակցելու է ՀԱԿ կուսակցության դիրքորոշմամբ, հետևաբար ես կոռեկտ չեմ համարում, որ խմբակցության անունից այլ դիրքորոշումով հանդես գամ»,- ասաց Սարգսյանը։

Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած «Ժառանգության» պատգմավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Թևան Պողոսյանը նույնպես չեն մասնակցի պաշտոնական քարոզչությանը։ Նախկին արտգործնախարար, ՀՀՇ ներկայացուցիչ Արզումանյանի խոսքով՝ իրենք ի՞նչ գործ ունենք քարոզարշավի հետ։ Կանցնի՝ գոհ կլինեն, չի անցնի՝ շատ լավ։ Անկուսակցական Թևան Պողոսյանը փոխանցեց՝ տեսակետ կհայտնի, բայց քարոզարշավին միանալ չի պատրաստվում։

Թե՛ Լյուդմիլա Սարգսյանը, թե՛ Ալեքսանդր Արզումանյանը, թե՛ Թևան Պողոսյանը նախագահականում Սերժ Սարգսյանի հետ քննարկել էին սահմանադրական փոփոխությունները։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ քարոզչության ընթացքում Սահմանադրությանը կողմ արտահայտված ուժերի ու գործիչների առջև «միավորման խնդիր չեն դրել».- «Քարոզարշավին կարող է չմասնակցեն, բայց իրենց կարծիքը քվեարկությունով հայտնել»։

Հանրապետականները, խոսելով քաղաքական կոնսենսուսի մասին, հղում են անում փոփոխությունների նախագծի քվեարկության արդյունքներին՝ 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ։

«Իշխանությունը կարիք ուներ ցուցադրելու աշխարհին, որ իբր կառավարման մոդելի փոփոխության համար ունի լայն քաղաքական կոնսենսուս, քանի որ սա շատ կարևոր է, ինքը դրա համար գնաց ջարդուխուրդ արեց ընդդիմության դաշինքը, որ ձևավորվել էր դեռ անցյալ տարի և մինչև փետրվարի 20-ը ակտիվ էր»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

Լյուդմիլա Սարգսյանին քիչ է հուզում, թե Հանրապետականին ի՞նչ էր պետք, ինքն առաջնորդվել է իր կուսակցական շահերով.- «Ճիշտ եմ համարել, որ պետք է քննարկվի։ Ես դեռ ժամանակին եմ ասել՝ իսկ ո՞վ ասաց, որ չի հասնելու հանրաքվեի։ Հիմա էլ ասում եմ՝ իսկ ո՞վ ասաց, որ չի անցնելու։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կարելի էր կողքի կանգնել միայն նրա համար, որ դու դիտարկվես արմատական ընդդիմություն։ Ընդդիմանալով խնդիր չի լուծվում»։

Զուրաբյանը արձագանքում է.- «Զբաղվել սահմանադրական փոփոխությունների քարոզով, նշանակում է անցնել ամենաուղիղ ճանապարհով դեպի վարկաբեկում հասարակության, ժողովրդի աչքերում։ Եթե փայտով նրան չեն ստիպում դա անել, ոչ ոք չի ցանկանում ուղղակի ավելորդ մի նոր հայհոյանք ստանալ ժողովրդի կողմից»։

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ «ոչ»-ի քարոզարշավը հաջողություն չի ունենա.- «Ես նորից իմ հույսը դնում եմ էվոլյուցիոն պրոցեսի վրա, որովհետև ռևոլյուցիան մեզ մոտ կարծես թե չի ստացվում»։

Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն կմասնակցեն քարոզարշավին։ Միքայել Մելքումյանն ասաց՝ «Բարգավաճ Հայաստանը» պասիվ «այո» ասող քաղաքական ուժ չէ։

«Մենք երբեք կես քայլի մասին չենք էլ ասել, մենք համոզված ասում ենք։ Ներսում քննարկումները իսկապես թեժ են եղել, բայց ի վերջո կախված նախկինում «ոչ» ասելու խնդրի հետ և հետո «այո»-ն... էս բոլորս բաները պետք է քննարկելով, բանավիճելով գաս հանգուցալուծման, որը մենք պատվով կատարել ենք, իմ կարծիքով»,- ասաց Մելքումյանը։

XS
SM
MD
LG