Սահմանադրական բարեփոխումները մշակած մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի ընդունում առաջին և երկրորդ նախագահների քննադատությունը, թե նախագիծը ծայրահեղ վտանգավոր է և քանդում է պետության հիմքերը։
«Ժողովուրդը իր գնահատականը կտա, և փաստաթուղթը մեր մշակածը չէ, դա կոլեկտիվ աշխատանք է, որը հետո քաղաքական քննարկումների արդյունքում և քաղաքական տարբեր փոխզիջումների արդյունքում բավականին փոփոխությունների է ենթարկվել: Այնպես որ, չի կարելի դա անձնավորել: Իսկ փաստաթուղթը, եթե որևէ մեկը գնահատական է տալիս, պետք է ուսումնասիրի և փորձի նրա հոդվածների վերաբերյալ տեսակետներ արտահայտել: Այդ դեպքում կլինեն նաև համարժեք պատասխաններ», - ասում է նա:
Սահմանադրական դատարանի նախագահը նաև չի ընդունում պնդումները, թե իր աշխատանքը մասնագիտական հանձնաժողովում շահերի բախում է ստեղծում, քանի որ կարող է ազդել դատարանի որոշման վրա, եթե ընդդիմադիրները որոշեն վիճարկել հանրաքվեի անցկացումը կամ դրա արդյունքները վիճարկելու վերաբերյալ հնարավոր է հայց ներկայացնեն Սահմանադրական դատարան․ - «Որովհետև մասնագիտական հանձնաժողովը իր աշխատանքը արել-ավարտել է: Ես ամեն օր եմ աշխատում Սահմանադրության հետ և Սահմանադրության տարբեր հոդվածների վերաբերյալ տասնյակ հոդվածներ ունեմ հրատարակած և գրքեր: Դա մասնագիտական աշխատանք է: Դրանք տարբեր բաներ են»:
Նախագծում տեղ գտած վիճահարույց դրույթների շուրջ Գագիկ Հարությունյանն այսօր հրաժարվեց խոսել՝ նշելով, որ մասնագիտական հանձնաժողովն իրավաբանորեն այլևս գոյություն չունի։ Սահմանադրական դատարանի նախագահը չգիտի, թե արդյոք հնարավոր է ազատ և արդար քվեարկություն անցկացնել ներկայիս Ընտրական օրենսգրքով, որը փոփոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև ինքը։
«Այդ բոլոր հարցերը կուղղեք արդեն քաղաքական ինստիտուտներին և նրանցից կհարցնեք, թե ինչպես է անցնելու: Պետք է, որ անցնի: Սահմանադրության բարեփոխումները անիմաստ կդառնան, եթե հանրաքվեն չանցնի օրենքի տառին ու բովանդակությանը համապատասխան», - ասաց Գագիկ Հարությունյանը:
Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականում վստահ են՝ քվեարկությունը կանցնի արդար և հանրության լայն մասնակցությամբ։ Իշխող կուսակցությունն առաջիկայում շտաբեր կբացի հանրապետության մարզերում և Երևանում։ Հանրապետական պատգամավոր, խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով` «Այո»-ի քարոզարշավի համար օգտագործելու են հնարավոր միջոցները․ - «Կլինեն հանդիպումներ՝ դահլիճային հանդիպումներ, հանդիպումներ հանրության հետ, գյուղական համայնքներում»:
Իշխող կուսակցությունում կարծում են, որ ավելի ճիշտ կլիներ, եթե «Այո»-ի կողմնակից ուժերը՝ այդ թվում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, «Այո»-ի քարոզարշավին միասնական շտաբով հանդես գան Հանրապետականի հետ:
«Տրամաբանական է, որ «Այո»-ի կողմնակիցները միասնական ճակատով գնան առաջ, որովհետև այնտեղ առանձին քաղաքական ուժերի քվեարկության, վստահություն հայտնելու խնդիր չի դրված: Այստեղ խնդիրը ընդհանրական է և այդ խնդիրը Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասելն է», - ասում է Հովհաննես Սահակյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ փոփոխությունների ընդունումից հետո չի պատրաստվում զբաղեցնել ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնը. սակայն Հանրապետականում առայժմ չեն շտապում բացառել, որ հենց նա կարող է առաջնորդել «այո»-ի քարոզարշավը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության նախագահն է ընտրված՝ իր բոլոր գործառույթներով», - ասում է Սահակյանը:
ԱԺ-ում Սահմանադրության նախագծին հավանություն տված Դաշնակցությունը չի պատրաստվում Հանրապետականի հետ միասնական շտաբ ձևավորել։ Ընդամենը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունները կոշտ քննադատող և իշխանափոխության պահանջ ներկայացնող ԲՀԿ-ն, կուսակցության խոսնակի փոխանցմամբ, դեմ չէ Սերժ Սարգսյանի կուսակցության հետ մասնակցել «Այո»-ի քարոզարշավին։