Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6-ին


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, 13-ը մարտի, 2015թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, 13-ը մարտի, 2015թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Օրենքի համաձայն՝ նախագահը հանրաքվեն նշանակում է Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում։ Խորհրդարանի դրական որոշումը նախագահական նստավայր էր ուղարկել երկու օր առաջ։ Քվեարկությունը պետք է տեղի ունենա հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:

«Կիրակի օր է, կիրակին նպատակահարմար է»,- «Ազատությանը» ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը խորհուրդ ունի Սերժ Սարգսյանին.- «Ինքը պետք է ստորագրի հրամանագիր հանրաքվեի վերաբերյալ, այլ հրամանագիր, որ այլևս դադարում է պաշտոնավարել որպես ՀՀ նախագահ։ Միակ խորհուրդս դա է»։

«Ոչ»-ի ճակատին միացած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը կարծում է՝ անվտանգության շահերից ելնելով երկիրը չպետք է տանել բևեռացման։ Սահմանադրական հանրաքվեն, ըստ պատգամավորի, նման վտանգ է պարունակում։

«Այլ բան, քան ժողովրդական ճնշումով այս գործընթացը տապալելը և պարտադրելը, որ այս հանրաքվեից, մեզ ուղղակի չեն թողնում»,- ասաց Զուրաբյանը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ քվեարկության դրական արդյունքի վրա «Ոչ»-ի ճակատը չի կարող ազդել.- «Քարոզարշավի հետաքրքիր լինելու համար, հանրությանը ճիշտ լուսաբանելու համար պետք են նման անհատներ, մարդկային խմբեր, որպեսզի մի մասը ընդդիմանա և բնականաբար, կողմ քվեարկողներն էլ կարողանան բացատրություն տալ։ Ես դա շատ նորմալ եմ ընդունում»։

Խորհրդարանական վեց ուժերից ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիր»-ը հայտարարել են «ոչ»-ի քարոզարշավ անցկացնելու մասին, սահմանադրական փոփոխություններին կողմ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը՝ «այո»-ի։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց՝ ինքնուրույն կանցկացնեն քարոզչությունը, առանց Հանրապետականի քարոզարշավն ավելի համոզիչ կլինի։

«Հանրապետական կուսակցության անդամները չեն կարող այն փաստարկները բերել, որոնք մենք ենք բերում, որոնք վերաբերում են այսօրվա համակարգին, այսօրվա կառավարման համակարգի արմատական պրոբլեմներին, թերություններին։ Եթե նրանք մեր լեզվով խոսեն, կնշանակի՝ իրենք իրենց են քննադատում»,- ասաց Վարդանյանը։

Ընդդիմադիր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը չի բացառում, որ կմասնակցեն «այո»-ի քարոզարշավին։ Ի տարբերություն Աղվան Վարդանյանի՝ Հանրապետականի հետ միասնական քարոզչությունը շատ ավելի արդյունավետ է համարում։

«Եթե «այո» ենք ասում, բոլորիս համար «այո» պետք է լինի։ Իմ «այո»-ն ձեր «այո»-ից ինչո՞վ է տարբերվում, կամ մեկի «ոչ»-ը մյուսի «ոչ»-ից։ Դրա համար նման բաներ այս փոքր երկրում պետք է չլինի»,- ասաց Բաբայանը։

Ըստ օրենքի՝ քարոզչությունն սկսվում է հանրաքվեի նշանակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ:

XS
SM
MD
LG