Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին


Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։

Դեմ քվեարկեցին 7 հոգանոց ՀԱԿ խմբակցության 6 պատգամավորները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը։ «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցություններից մեկական պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանն ու Տիգրան Ուրիխանյանը, 5 հոգանոց ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանն էին դեմ, մյուս երեքը՝ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը՝ ձեռնպահ։ Չնայած որ մինչև վերջերս սահմանադրական փոփոխությունների անխնա քննադատ «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել էր, թե միաձայն կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի առաջարկին, այնուհանդերձ, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը այսօր բացակա էին, նրանց էր միացել նաև նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ն լքած Վարդան Օսկանյանը։

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը վերջին անգամ փորձում էին հորդորել՝ նախագիծը չդնել քվեարկության։ Հղում անելով կանոնակարգին՝ Գալուստ Սահակյանը նրանց արտահայտվելու հնարավորություն չընձեռեց։

«Բոլորը հասկանում են, որ սա Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, որին հեզիկ-նազիկ, խելոք հետևում է ամբողջ Հանրապետական կուսակցությունը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արամ Մանուկյանը։

Գագիկ Ջհանգիրյանն ասում է՝ երբ Սահմանադրությամբ է երաշխավորվում քաղաքական մենաշնորհը, տասներորդական է, թե ինչ դրական փոփոխություններ են կատարվել։

«Ամբողջ այս Սահմանադրության փոփոխման հիմնական իմաստը դա էր, դա պահպանվում է։ Այսինքն՝ քաղաքական փաստացի ուժով, բռնություններով, կաշառքով ձևավորված այս մեծամասնությունը, այս քաղաքական իշխանությունը սահմանադրորեն վերարտադրվելու է», - նշեց նա։

Փոփոխությունները չեն բավարարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ասում է՝ իր առաջարկների չնչին տոկոսն է ընդունվել. - «Բացի սկզբունքային տարաձայնություններից, իհարկե, նման կարգի տաշի-տուշի լուծումները, ոնց որ Կենտրոնական բանկի մասով՝ կիսատ։ Բա լավ՝ խնդիրներ բառը դարձրել ենք նպատակ, հաշվի ենք առել, ոնց որ հայտարարեց, Բագրատյանի առաջարկը կամ մյուսների առաջարկը։ Իմ դուրը չի գալիս։ Հետո՝ իրենք խուսափում են, եթե դու մի առաջարկ ես անում, իրենք ման են գալիս մի երեք-չորս հոգի էլ գտնեն, որպեսզի հանկարծ չերևա այս բանը։ Դա սովորական տակտիկա է, որը արդեն դառնում է զզվելի»։

Սահմանադրական փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկած ընդդիմադիրներից ԱԺ-ի այսօրվա որոշմանը դեմ էր միայն Հրանտ Բագրատյանը։ Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը կողմ էին, Խաչատուր Քոքոբելյանը չմասնակցեց քվեարկությանը։

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է՝ դեռ էլի ընդդիմադիրներ կհամալրեն «այո»-ի շարքերը։ Պնդում է՝ ինչ-ինչ խոստումների արդյունք չէ նրանց մտքափոխվելը. - «Քարոզչության ընթացքում մեզ կհաջողվի բավականին մեծ թվով ընդդիմադիր գործիչների և հանրության շրջանում նաև մեծաքանակ մարդկանց համոզել, որ այս ճանապարհը ճիշտ է»։

«Ոչ»-ի ճակատի անդամ ՀԱԿ-ը, Արամ Մանուկյանի խոսքով, այսօրվանից սկսելու է աշխատել հասարակության հետ։

«Ժողովուրդը ոգևորված չէ Սերժ Սարգսյանի շարունակությունը տեսնելու, այնպես որ, հանրաքվեի օրը եթե դրվի, հանգիստ կարելի է դարձնել Սերժ Սարգսյանի անվստահության քվեարկության օր», - ասում է Մանուկյանը։

Հանրապետական Գագիկ Մելիքյանը ընդդիմադիրների համախմբմանը լուրջ չի վերաբերվում։ Ճակատ ասածն էլ չափազանցություն է համարում. - «Բազմաթիվ անդամներ «Ոչ»-ի խմբից, կարծում եմ, որ ընդհանրապես տեղեկություն չունի իրականացված փոփոխություններից և առաջարկությունների ընդունելուց կամ չընդունելուց»։

XS
SM
MD
LG