Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Կան նախադրյալներ՝ պայքարի ճիշտ կազմակերպման դեպքում հասնելու արդյունքների


ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ եթե շատ վատ բան են փաթաթում Հայաստանի վզին, իրենք պետք է մինչև վերջ դրա դեմ պայքարեն։

Երեկ Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ իր համաձայնությունը տվեց, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, «այո»-ին միացած ճամբարից շատ մարդիկ անկեղծ ասում են՝ «գիտենք՝ ինչ են անում, բայց իմաստ չունի դիմադրել»։

«Իրենք ինձ հետ փորձում են անկեղծ խոսել, և իրենց ասածի իմաստը հետևյալն է՝ իրենք ոչ թե ասում են «այո»-ն լավ է, բնականաբար՝ իրենք էլ են հասկանում, թե ինչ նպատակներ են, և ասում են, որ «գիտենք՝ ինչ են անում», բայց ասում են՝ «իմաստ չունի դիմադրելը, ավելի լավ է գնացեք, դուք էլ փորձեք իշխանությունների հետ լեզու գտնել, որովհետև միևնույն է իրենք անելու են իրենց արածը, միևնույն է իրենք ուժեղ են, և դուք հետո դառնալու եք մարգինալ, դուք հետո ոչ մի ապագա չեք ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, ոչ մի ուժ, ով հասկանում է, որ իշխանությունն ուժեղ է, և մտածում է իր ապագայի մասին, «ոչ» չի ասում, կամ «ոչ» ասում է, բայց դիմադրության պայքար չի տանում։

«Ըստ էության, մեզ առաջարկում են գործարք, մեզ, ըստ էության, ասում են, որ արմատական ընդդիմականությունն ապագա չունի Հայաստանում, որ այսօր պետք է անցնել Սերժ Սարգսյանի սրի տակով, որ այսօր պետք է ինտեգրացվել այդ կոռումպացված, ավազակապետական համակարգի մեջ և այդպես լուծել մեր խնդիրները, ինչ-որ մի բանի հասնել, միգուցե ներսից ինչ-որ բան հնարավոր կլինի», - ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը սա մերժում է մի քանի պատճառով։

«Մենք ինքներս մեր անցած ուղին չէինք հարգի, մեր բոլոր արտասանած խոսքերը, մեր պայքարի անցած ճանապարհը, մեր ընկերների հետ, որ գնացինք էս բոլոր փորձություններով անցանք՝ և՛ քաղբանտարկյալ են վերցրել, և՛ մարդ են սպանել, և՛ հազար ու մի բան է կատարվել, ճնշում է եղել, էս ուղուց հրաժարվելը կնշանակի դավաճանություն առաջին հերթին ինքներս մեզ։ Երկրորդը՝ էդ «այո»-ին միացած, կամ «ոչ» ասողների, բայց չդիմադրողների այդ ստրատեգիան, որ իբր «մենք հիմա պահպանենք մեր ուժերը, հետո ավելի լուրջ կռիվներ կլինեն, թեկուզև մի քիչ սրի տակով ենք անցնում Սերժ Սարգսյանի», դա անհեթեթություն է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Էդ մարդիկ չեն հասկանում, որ թեկուզ եթե մենակ քաղաքական նպատակահարմարության տեսակետից խոսենք, իրենք կորցնում են ամենաթանկարժեք բանը, որ քաղաքական գործիչը կամ պետական գործիչը կարող է ունենալ, ամենաթանկարժեք կապիտալը՝ դա ժողովրդի վստահությունն է»։

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ իշխանական քարոզչությունը, որը նաև ընդդիմադիր, մեկ-մեկ անկախ մամուլի քողի տակ է գործում, ըստ էության հասկանալով, որ Սերժ Սարգսյանին պաշտպանել հնարավոր չէ, ասում է՝ «այո, Սերժ Սարգսյանը շատ վատն է, բայց ի՞նչ այլընտրանք կա, բոլորն էլ նույնն են, բոլորն էլ ինտեգրացված են, բոլորն էլ այդ սիստեմի մեջ են, և նրանցից ոչ մի ակնկալիք չկա, այլընտրանք գոյություն չունի»։

«Մենք էս կուտը չենք ուտելու, մենք էս ուղղությամբ չենք գնալու, թեև մենք իհարկե շատ ավելի լավատես ենք, բայց ավելի լավ է մեզ համար ձախողվել քաղաքական ինչ-որ բարձունքների, անձնական կարիերայի հարցում, քան կորցնել ժողովրդի վստահությունը, և, բացի դրանից, դա մեր պարտքն է՝ որպես ընդդիմություն, մենք եթե համարում ենք, որ շատ վատ բան են փաթաթում Հայաստանի վզին, մենք պետք է մինչև վերջ դրա դեմ պայքարենք, լավ կլինի, թե՝ վատ», - ասաց Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ սկզբունքորեն կան նախադրյալներ՝ պայքարի ճիշտ կազմակերպման դեպքում հասնելու որոշակի արդյունքների։

XS
SM
MD
LG