Խաղողագործը իր ընտանիքի միակ հույսը՝ 8 տոննա խաղողը, ճամփեզրին է թափել

Քաղցրաշեն գյուղում թթված խաղողի հոտը երկրորդ օրն է՝ չի անցնում։

Քաղցրաշեն գյուղում թթված խաղողի հոտը երկրորդ օրն է՝ չի անցնում։ Անդրանիկ Մովսիսյանը 8 տոննան ճամփեզրին է թափել, որ անցնողները տեսնեն չմթերված բերքն ինչպես է փչանում։ Պատմում է, որ գործարանի մոտ չորս օր հերթ է կանգնել, սակայն գործարանատերը հրաժարվել է խաղողը վերցնել, պատճառաբանելով՝ փչացած է։

«Հրաժարվել են անգամ կիլոգրամը 30 դրամով վերցնել», - ասում է Մովսիսյանը ու բողոքում․ - «Պարզ է, որ չորս օր գործարանը չընդունի՝ կնեխի: Ես նեխած չեմ հավաքել իմ այգուց, փչացել է մեքենայի մեջ»:

Այս տարվա առատ բերքը խաղողագործի ընտանիքի միակ հույսն էր։ Վարկերի պատճառով ժամանակին տնից զրկվել է, վարձով է ապրում, պարտքերն էլ օր-օրի ավելանում են։

Համագյուղացու օրինակն աչքերի առաջ ունենալով՝ քաղցրաշենցիներից շատերը տոննաներով խաղողը չեն քաղել։

Քաղցրաշենի գործարանում մթերում իրականացնող «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը անարդար է համարում իր հասցեին հնչող մեղադրանքները:

«Վարչապետի հորդորով խոստացել ենք նախորդ տարվանից շատ բերք մթերել, սակայն չենք խոստացել, որ անորակ բերքն ենք մթերելու», - ասում է տնօրենն ու պնդում, որ այս ընթացքում միայն երեք մեքենա են հետ ուղարկել․ - «Իրենք միակողմանի են նայում: Եթե վաղը, մյուս օրը այդ վատորակ պատրաստված գինենյութից կոնյակի սպիրտի հետ կապված ես խնդիր ունենամ, ոչ մի գյուղացի իմ կողքը չի կանգնելու»:

«Վինար»-ի շշալցված կոնյակները արտահանվում են Չինաստան ու Ռուսաստան։ Շատ արտահանողների նման՝ ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով այս ընկերությունն էլ է տուժել՝ մոտ 70 տոկոսով կրճատել են Ռուսաստան ուղարկվող խմիչքի ծավալները: Գործարարը փաստում է՝ իրենք մի քանի ամիս անց գյուղացիներից ավելի վատ վիճակում են հայտնվելու, քանի որ ռուսական շուկայում հայկական խմիչքներն արդեն այնքան էլ մրցունակ չեն՝ տեղը զիջել են վրացականին։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին անհանգստացնում է, որ Ռուսաստանը շահավետ պայմաններ չի ստեղծում ԵՏՄ անդամ Հայաստանի համար։

«Ռուսաստանը քաղաքականացված երկիր է, իր քաղաքական շահը միշտ ավելի առաջնային է, քան տնտեսական շահը: Այսինքն, եթե իրեն պետք է, որ հայկականը մերժի, որովհետև արդեն Հայաստանը մտել է Մաքսային միության մեջ, այսպես թե այնպես՝ արդեն կա ու կա, և արդեն պետք է, որ ինքը ինչ-որ գրավչություններ խաղարկի Վրաստանի կամ այլ երկրների հետ՝ ինքը կգնա դրան», - ասում է Մակարյանը:

Տնտեսագետի կարծիքով, Ռուսաստանը կարող է Մաքսային միության ներսում իր գործընկերոջը աջակցելու համար հայկական խմիչքների համար քվոտավորման կամ նման այլ մեխանիզմ սահմանել, որի դեպքում գինի և կոնյակ արտահանողները վստահ կլինեն, որ իրենց արտադրանքը իրացվելու է, ինչից կշահի ոչ միայն արտադրությունը, այլև գյուղացին։