Մատչելիության հղումներ

«Բնությունը լավն ա, ապրելն ա դժվար»


Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղը միայն ժամանակավոր եկվորներին է հիացնում իր չքնաղ բնությամբ։ Տեղացիները, սոցիալական բազմաթիվ խնդիրների մեջ, բնության գեղեցկությունն առանձնապես չեն նկատում։

«Թե չէ որ գալիս են, խաբում՝ փոքրիկ Շվեյցարիա, սիրուն տեղ, էդ՝ սուտ ա», - ասում են նրանք, - «Բնությունը լավն ա, ապրելն ա դժվար»:

Ամենամեծ ու անլուծելի խնդիրը գյուղ տանող անբարեկարգ ճանապարհն է։ Անգամ փորձառու վարորդները շատ հաճախ հրաժարվում են Ալավերդուց 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծաղկաշատ մեկնել։ Ալավերդի քաղաքի հետ կապող միակ տրանսպորտային միջոցը՝ գյուղապետարանի ջանքերով ձեռքբերված միկրոավտոբուսը, շաբաթվա մեջ ընդամենը 2 անգամ է գյուղ մեկնում՝ հետադարձով։ Ծաղկաշատում խանութ չկա, բժշկի ու այլ ծառայությունների մասին էլ խոսք չկա։

80-ամյա Մարտին Մակինյանը, որ 3 տարում 3 հարազատ է կորցրել, սեփական մաշկի վրա է զգացել վատ ճանապարհի ու բուժկետի բացակայության հետևանքները․ - «Ոչ ճանապարհ ունենք, ոչ բուժկետի սպասարկում կա: Տարածությունը շատ հեռու ա, քաղաքից կտրված ա, մեքենայի հնարավորություն չենք ունենում, հիվանդի դեպքում մենք մնում ենք կրակում, չգիտենք՝ զանգենք ընդիան մեքենա կգա՞, թե՞ գալ չի»:

Ծաղկաշատի գյուղապետ Հրաչիկ Պարանյանն ասում է՝ գյուղապետարանի ունեցած` 6 միլիոն դրամ բյուջեն ոչ մի կերպ չի բավականացնում ճանապարհի նորոգման համար։ - «Հաշվարկներ է կատարվել. 160 միլիոն դրամ է հատկացվելու, որ էդ ճանապարհը վերականգնվի։ Բայց էդ գումարը ոչ ոք չի հատկացնի էս փոքր համայնքին։ Ամենամեծ խնդիրը դա ա, ու հույս էլ չկա, որ կսարքվի», - ասում է նա:

Գյուղապետարանի 6 աշխատողները ջարդված ապակիներով ու անշուք պատերով մի քարե տնակում են տեղավորված։ Անմխիթար շենքի ճակատին անգամ ցուցանակ ու դրոշ չեն տեղադրել․ չի սազի։ Մեր այցելության պահին լքված տան նմանվող գյուղապետարանում ոչ մի աշխատող չկար։ Լուր առան լրագրողի այցի մասին՝ եկան։

Կարլեն Թանդիլյանը հաշվապահն է։ Իր ձեռքի տակով են անցնում գյուղացիների տեղաշարժի ու ապրելակերպի մասին փաստաթղթերը:

«Մեծամասամբ զբաղվում են անասնապահությամբ։ Իրանց անասուններով զբաղվում են, կաթնամթերքը, մսամթերքը շատ դժվար իրացնում, վաճառքը շատ դժվար ա ըլնում։ Ոնց որ ծախողի համար պահեն էլի։ Գալիս են, իրանց ուզած գինը տալի։ Մարդիկ, կարելի ա ասել, զրոյով փակում են», - պատմում է հաշվապահը:

Քաջիկ Վարոսյանը 10 կով ունի։ Իրացման նորմալ պայմաններ ունենար՝ դժգոհ չէր լինի։ Ուրիշներին ֆերմեր կասեն, բայց Քաջիկը ստացած մթերքով հազիվ է ծայրը ծայրին հասցնում։

«Որ ֆերմեր եմ՝ ինչի՞ս ա պետք, դե ծախում եմ, արի առ՝ տար։ Առնող չկա», - ասում է նա:

Գյուղը գազաֆիկացված չէ։ Անտառը գյուղին կպած է, իրավունք ունեն փայտը տուն բերելու. յուրաքանչյուր ընտանիք` 8 խմ-ի չափով։ Բայց դա գյուղացիներին չի բավարարում։ Անարդար են համարում. ուրիշների համար իրենց անտառը բիզնեսի միջոց է, մինչդեռ իրենք զրկված են այդ հնարավորությունից․ - «Այ քիրա, չեն թողում անտառը կտրեմ, չեն թողում ծախեմ։ Թե ընկնում ա մեզ՝ չեն թողում, թե ընկնում ա իրանց՝ թողում են։ Իրանք իրանց ծախողն էլ ունեն, իրանց կտրողն էլ ունեն։ Մենք ովքե՞ր ենք ստեղ, մենք վկա ենք»:

Այժմ գյուղացիները վառելափայտով, հատապտուղներով ու բացառիկ բուսատեսակներով հարուստ անտառը սեփականատերերի ձեռքից փրկելու փորձեր են անում։ Վերջերս հանրային քննարկումներ անցկացրին` միահամուռ մերժելով գյուղի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու ծրագրերը։ Այժմ համայնքի ավագանին ուղերձ է հղել երկրի իշխանավորներին ու բնապահպաններին՝ հորդորելով չեղյալ համարել լոռվա ամենախիտ անտառը հատելու և հանքավայր դարձնելու ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG