Մատչելիության հղումներ

Կրկնուսույցներին, կոշկակարներին և դերձակներին կբերեն հարկային դաշտ


Խորհրդարանում քննարկվելիք օրինագիծը, ըստ գործադիրի, ստվերը կրճատելու և բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակ ունի

Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի կառավարության մշակած մի օրինագիծ, որով առաջարկվում է հաջորդ տարվանից հարկային դաշտ բերել նաև կրկնուսույցներին, դերձակներին, կոշկակարներին և ժամագործներին:

Ըստ գործադիրի, արտոնագրային հարկի մասին օրենքում կատարվելիք այդ փոփոխությունը ստվերը կրճատելու և բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու նպատակ է հետապնդում: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անգամ հաշվարկել է՝ կրկնուսուցման ոլորտում 25-30 մլն դոլարի ստվերային շրջանառություն կա: Կրկնուսույցները, մինչդեռ, հակադարձում են՝ իրենց եկամուտը կայուն չէ, իսկ դպրոցներից ու ԲՈւՀ-երից ստացած աշխատավարձն անգամ կոմունալ ծախսերը հոգալուն չի բավականացնում:

«Այդ դեպքում, որպեսզի իրենց կյանքի եղած մակարդակը պահպանեն, կրկնուսույցները ստիպված կլինեն բարձրացնել ծառայության գները»,- «Ազատության» հետ զրույցում ասաց մի կրկնուսույց՝ չցանկանալով հրապարակել իր անունը:

«Հատկապես տղամարդ ուսուցիչների համար վիճակը շատ ծանր է, չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել, կամ պետք է էստեղից գնանք, կամ՝ փոխենք մեր մասնագիտությունը»,- ասաց մեկ այլ կրկնուսույց:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պնդում է նաև, որ փոփոխությունն արվում է ոչ միայն բյուջեն հարստացնելու, այլև երեխաների համար նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելու համար: «Շատերն այսօր 20 հոգու հետ պարապում են մի փոքրիկ սենյակում՝ անգամ չօդափոխելով այն», - մոտ մեկ ամիս առաջ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մտահոգվել էր նախարարը:

Կրկնուսույցները նախարարի այս մտահոգությունը հատկապես տարօրինակ են համարում, ասում են՝ հանրապետության բազմաթիվ դպրոցներում մարզադահլիճներն ու զուգարանները, մեղմ ասած, շատ հեռու են սանիտարահիգենիկ չափանիշներին համապատասխանելուց:

Նախարարի՝ կրկնուսույցներին լիցենզավորելու փաստարկներից մեկն էլ այն է, որ նրանք, իբր, հարվածի տակ են դնում ավագ դպրոցները: Դպրոց հաճախելու փոխարեն երեխաները գնում են մասնավոր պարապմունքների:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը թեպետ համամիտ է նախարարի այս փաստարկին, այդուհանդերձ, համոզմունք ունի, որ կրկնուսույցներին հարկային դաշտ բերելով՝ ոչ կրթության որակը կլավացնեն, ոչ էլ ավագ դպրոցը կկայանա:

«Առաջինը՝ նախարարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որպեսզի կրթության որակը դպրոցներում էապես բարելավվի: Եվ երկրորդը, որ ավելի հեշտ լուծվող է՝ ծնողը պիտի հասկանա, որ եթե իր երեխան պոլիտեխնիկ է ընդունվելու, կամ մանկավարժական համալսարան, թող երեք տարի երեխային հետևի, որ դպրոցում տնային աշխատանքները կատարի, հավատացնում եմ՝ դա բավարար է, որ երեխան անցնի»,- ասում է Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG