Մատչելիության հղումներ

Մրցունակության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում վատագույն դիրքում է


Այսօր հրապարակված` մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն,140 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Մրցակցությունը խթանելու մասին պարբերաբար հայտարարող Հայաստանում իրավիճակն այդ առումով նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է մնացել:

Մրցունակության ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան Վրաստանին ու Ադրբեջանին, գերազանցում է Լաոսին, Մոլդովային, Նամիբիային ու Ջամայկային։ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներն այսօր ներկայացրեցին միջազգային զեկույցի մանրամասները։

«Պետական քաղաքականության թափանցիկության մասով մենք 51-րդն ենք, անկում ենք գրանցել 12 կետով, փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանության մասով նորից անկում կա՝ 11 կետով, 108-րդն ենք, ներդրողների պաշտպանվածությամբ մենք առաջատար դիրքերում ենք, թեպետ որոշակի անկում ենք գրանցել՝ 48-րդն ենք»,- ասաց կենտրոնի ներկայացուցիչ Մանուկ Հերգնյանը։

Ըստ զեկույցի, անկում է գրանցվել նաև բանկերի կայունության, աշխատավարձերի և արտադրողականության ուղղություններով։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, աշխատուժը, որն առանցքային է տնտեսության զարգացման հարցում, այսօր Հայաստանում լուրջ վերապատրաստման կարիք ունի։

«Աշխատուժը ամենուրեք ա՝ և՛ կառավարության մեջ, և՛ ձեռնարկությունների կառավարման մեջ, և՛ կրթության մեջ, և՛ կառավարման մեջ: Հիմա եթե էդ աշխատուժը առողջ չի և՛ հոգեբանորեն, և՛ նենց, ու կրթված չի, որ տիրապետի լավ կառավարման մոդելի, նման դեպքերում մենք ունենում ենք ցածր արտադրողականություն կամ կառավարման ցածր մակարդակ: Դա մենք տեսնում ենք, հիմա էլ եմ ասում, հենց հիմա էլ կառավարության ներսում կան նախարարներ, որոնք ինչքան շուտ վայր դնեն իրենց մանդատը, այնքան մեծ օգուտ՝ մեր տնտեսությանը»,- ասաց Մակարյանը։

Զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է կրթության ու առողջապահության ոլորտներում, մինչդեռ կաղում է տրասպորտային ենթակառուցվածքների ու էլեկտրամատակարարման որակի հարցերում։ Գագիկ Մակարյանը վստահ է՝ պատճառը մենաշնորհներն են, օրինակ է բերում այն, որ նոր շենքին էլեկտրաէներգիա մատակարարելը կարող է ամիսներ տևել։

«Անպայման ուղեկցվում է կաշառք տալով, որ դրանք արագ արվեն, որովհետև ասում են՝ զբաղված ենք, տեղ չունենք: Այսինքն՝ ոչ պետական ստրուկտուրան կամ ռուսական պետական ստրուկտուրան Հայաստանի մասնավոր շուկայի մեջ ատկատով ու կաշառքով ա արտահայտում իր գործունեությունը և իր բարյացակամությունը։ Այսինքն՝ ինքն էնքանով ա մոնոպոլ էդ իրավիճակի մեջ, որ թելադրող ա»,- շարունակում է Մակարյանը։

Զեկույցը Հայաստանի առավելությունների թվում արձանագրում է, որ այստեղ հեշտությամբ կարելի է նոր բիզնես սկսել՝ գրանցման գործընթացը դյուրին է ու արագ։ «Սկսելը գուցե հեշտ է, սակայն պահելը՝ անհամեմատ դժվար»,- փաստում է Մակարյանը։ Գործատուների միությունը հաճախ է բողոքներ ստանում սնանկացման եզրին հայտնված ընկերություններից։

«Մենք չորրորդ տեղում ենք, աշխարհի ամենալավ ցուցանիշներից մեկն ունենք, բայց ինքը կարող է գրանցի, բայց հետո դադարի, չգործի, մեռնի, թղթի վրա միայն ձեռնարկություն հասկացողությունը մնա։ Մենք հպարտանում ենք, որ մեր մոտ հեշտ են գրանցվում և շատ են բացվում, բայց տակն ի՞նչ մնաց, արդյո՞ք բացվելուց հետո մարդիկ կարողացան շարունակել՝ դա մնում ա արդեն վիճելի և հարցական»,- ասում է Հայաստանի գործատուների միության նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG